Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աղբն այրած աշխատակիցները ենթարկվել են կարգապահական տույժի (տեսանյութ) Հայաստանը ընտրվել է Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Կարեն Անդրեասյանը կմեկնի Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի աշխատանքների համար Երևանում ոչ սթափ, առանց վարորդական վկայանի 28-ամյա տղամարդը շղթայական վթարի հեղինակ է դարձել Մայր Աթոռը դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը և պահանջում է դադարեցնել ապօրինի հետապնդումները Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը․ Վեհափառ Հայրապետ Արշակ Սրբազանը 2 ամսով կալանավորվեց Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Միացյալ Թագավորության պետնախարարի հետ ԱԳ փոխնախարարը կանադական կողմին ««TRIPP ուղի» ծրագրի նշանակությունն է ներկայացրել» Երևանի քաղաքապետարանը միայն դեկտեմբերի 1-ին 1.1 մլն դրամի խմիչք, քաղցրավենիք և արքայախնձոր է գնել Արցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան Օսկանյան

Ամենագնացներ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցինԵրևանի քաղաքապետարանի հերթական նախաձեռնությունը՝ միտված երեխաների հուզական մտավոր կարողությունների զարգացմանըՆախիջևանում սկսվել է Հայաստանի սահման տանող երկաթուղու վերակառուցումըԴատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ թերակղզու տարածքում գտնվող հողամասի պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասինՀայտնի է՝ ով է սպանել Արմինե Մկրտումյանին․ մանրամասներԱղբն այրած աշխատակիցները ենթարկվել են կարգապահական տույժի (տեսանյութ)Հայաստանը ընտրվել է Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի փոխնախագահCБУ-ն ու հակակոռուպցիոն մարմինները խուզարկություններ են անցկացրել Ռադայի պատգամավոր Աննա Սկորոխոդի բնակարանումՍուրեն Պապիկյանն ընդունել է Միացյալ Թագավորության պաշտպանության գծով պետական նախարարինՔաղաքական գործիչը մեղադրվում է բանակի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու մեջՊետք է խիստ լինենք նրանց նկատմամբ, ովքեր փորձում են ազատվել զինվորական ծառայությունից․Գեղամ ՆազարյանԿարեն Անդրեասյանը կմեկնի Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի աշխատանքների համարԵրևանում ոչ սթափ, առանց վարորդական վկայանի 28-ամյա տղամարդը շղթայական վթարի հեղինակ է դարձելՄայր Աթոռը դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը և պահանջում է դադարեցնել ապօրինի հետապնդումներըԷդգար Շաթիրյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահՆԳՆ-ում մեկնարկել է ապագա պարեկային ծառայողների ամփոփիչ պետական ատեստավորումըՄիացյալ Նահանգները առաջնահերթություն է տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններում կայունության վերականգնմանըՄեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025 դրամահավաք-արշավը` Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համարՓրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըԱվարտվում է Եղիպատրուշից դեպի «Մայլեռ» տանող 3 կմ ավտոճանապարհի կառուցման աշխատանքըԱՄՆ փոխնախագահը քննադատել է ԵՄ-ին՝ X սոցիալական ցանցին հնարավոր տուգանելու մտադրության համարԱրմավիրի մարզում կատարված հանցագործությունը բացահայտվել է․ 1 անձ ձերբակալվել էՌուս և գերմանացի քաղաքական գործիչները գաղտնի հանդիպել են Աբու Դաբիում. DWԲելգիայի խորհրդարանը ծափահարություններով է դիմավորել Ռուսաստանի վերաբերյալ որոշումըԽիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը․ Վեհափառ ՀայրապետԱրշակ Սրբազանը 2 ամսով կալանավորվեցՄոտ ժամանակներս «լավ լուր» է սպասվում․ ՎենսՄեծ պատիվ էր․ Մարսելի քաղաքապետն ընդունել է Գարեգին 2-րդինԱվստրիայի ԱԳՆ-ն հայտնել է Ուկրաինայում կայուն խաղաղության պայմանըՏեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Միացյալ Թագավորության պետնախարարի հետԴիլիջանի անտառները նորից կարող են բռնկվելWhatsApp հավելվածում ստեղծվել են ՊԵԿ նախագահի անվամբ կեղծ օգտահաշիվներԱԳ փոխնախարարը կանադական կողմին ««TRIPP ուղի» ծրագրի նշանակությունն է ներկայացրել»Ագրարային համալսարանը ավելի քան 600 միլիոն պարտք է կուտակել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նոր ղեկավարի նշանակման վերաբերյալ շուտով որոշում կընդունվի. Զելենսկի«Ժողովուրդ». 120 մլն դրամ անանուն աղբյուրից. «Իմ քայլը» հիմնադրամն ավելի շատ նվիրատու ունի, քան արած գործԱՄՆ-ն որոշել է, թե որ վիզաներին կտրվի առաջնահերթություն. կատեգորիաների ցանկԹրամփը վարձել է Սպիտակ տան նոր ճարտարապետ, որին կվճարի 300 միլիոն դոլար նախագծի համարԵԱՀԿ գործող նախագահը Մինսկի խմբի կառույցների փակումն անվանել է «կենսականորեն կարևոր քայլ»ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանում գտնվող՝ 0.006 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազությունՔննվում է Արշակ սրբազանի կալանքի միջնորդությունը (ուղիղ)Կալլասը ցանկանում է հեռու մնալ ԵՄ կոռուպցիոն սկանդալից. Berliner ZeitungՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱռողջության ապահովագրում. առավելություններ թե՞ նոր ռիսկերՔրեական ոստիկանները անօրինական միգրացիա կազմակերպելու դեպք են բացահայտելԱնձնական տվյալների պատշաճ պաշտպանությունը՝ ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնումՆԳՆ ՔՈԳՎ պատվիրակությունը Մարոկկոյում մասնակցել է Ինտերպոլի ասամբլեայի վեհաժողովինՄոսկվան պնդում է, որ ՆԱՏՕ-ն չպետք է ընդլայնվի դեպի արևելք. ՊուտինԱվինյանը, փաստացի, տապալում է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումըՊոպուլիզմը հաղթեց պետության անվտանգությանը
Արցախ

44–օրյա պատերազմ.պաշտոնական և իրական քրոնիկոն. օր 43–րդ՝ նոյեմբերի 8

44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։

44-օրյա պատերազմ.

Օր 43-րդ՝ նոյեմբերի 8

Թուրքիայի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարներ Մեւլութ Չավուշօղլուն եւ Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը: Ավելի վաղ, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր ՊուտինըեւԹայիփԷրդողանը նույնպես հեռախոսազրույցներ են ունեցել: Դրանց ընթացքում, ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի ղեկավարը իր թուրք գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ հեռախոսային կապերի մասին, որոնք ուղղված են եղել Լեռնային Ղարաբաղում կարգավորման տարբերակներ գտնելուն։

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել ու գրել.

«Հաջողությամբ հանձնեցինք մարտական պատրաստության քննությունը»։

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը ավելի վաղ հայտնել էր, որ ռազմաճակատ մեկնելու համար կանանց ջոկատ է կազմավորել, որն անվանակոչել են «Էրատո»: Շատերը Ա.Հակոբյանին քննադատեցին, որ կեղծավորություն է զենքերից զարդեր ձուլելու քարոզ անելն ու միաժամանակ պետական քարոզչությամբ հպարտանալը, թե վերջին 2 տարում ավելի շատ զենք է ձեռք բերվել, քան նախորդ 10 տարում, որ իր գործը չէր թշնամի երկրի փոխնախագահին Շուշի՝ թեյ խմելու եւ մուղամ լսելու հրավիրելը (ընդ որում, այդ ասելիս բազկաթոռի մեջ օրորվելով), որ ընդհանրապես իր գործը չէր մարտադաշտ գնալը,որ ողջամիտ մարդիկ չեն հավատալու, որ նա ու նրա կանանց ջոկատն իրական մարտական գործողությունների են մասնակցելու։

Արցախի ԱԻՊԾ-ը հայտնել է, որ պատերազմական գործողություններին զուգահեռ թշնամական կողմը շարունակում է հեռահար հրթիռներով ավերել խաղաղ բնակավայրերը։ Ստեփանակերտում վերջին մեկ ժամվա ընթացքում երեք անգամ միացել է տագնապի ազդանշանը։Թշնամին ոչ թիրախային հարվածներ է հասցնում բնակելի թաղամասերի ու հանրային նշանակության օբյեկտների վրա։Ավերածությունները շատ են։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել ու գրել.

«Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դիմավորել եմ կյանքիս ամենածանր լուսաբացներից մեկը… Մեր Հայրենիքի պաշտպանների հետ կանգնած ենք մինչեւ վերջ: Կենաց-մահու պայքարը շարունակվում է»։

Ա.Հարությունյանը, թերեւս, նկատի ուներ Շուշիի անկումը կամ ընդհանրապես ծայրահեղ ծանր դրությունը։ Պատերազմի ավարտին մնացել էր մեկ օր։

Արցախի ԱԻՊԾ-ն նոր հաղորդագրություն է տարածել.

«Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակերտում. Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։ Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների եւ քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։Մյուս բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը»։

Եվս մեկ հաղորդագրություն Արցախի ԱԻՊԾ-ից.

«Թեպետ քաղաքում ավերածությունները բազմաթիվ են, բայց բերդաքաղաքը դիմանում է թշնամու հարվածներին։ Շուշին շարունակում է մնալ թշնամական կողմի անհասանելի երազանքը»։

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել է.

«Նոյեմբերի 7-ին եւ լույս 8-ի գիշերը փոփոխական ինտենսիվությամբ մարտերը շարունակվել են ճակատային գծի բոլոր ուղղություններում: Առավել համառ գործողություններ են ծավալվել Շուշիի մերձակայքում եւ հարավարեւելյան հատվածում: ՊԲ ստորաբաժանումները թշնամուն հասցրել են թիրախային հարվածներ` հետ մղելով առաջխաղացման բազմակի փորձերը:Տարբեր ուղղություններում ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել է թշնամու մեծաթիվ կենդանի ուժ, 4 տանկ, 20 միավոր այլ զրահատեխնիկա, 11 միավոր ավտոտեխնիկա, 2 ԱԹՍ:Մարտական գործողություններին զուգահեռ հակառակորդը հրթիռահրետանային համակարգերվ թիրախավորել է նաեւ մայրաքաղաք Ստեփանակերտը եւ Շուշին: Վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ:Լուսադեմին դիտարկվել են հակառակորդի տեխնիկայի եւ անձնակազմի կուտակումներ ճակատային գծի հարավարեւելյան եւ հյուսիսարեւելյան հատվածներում:Բանակային ստորաբաժանումները վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը եւ քայլեր են ձեռնարկում կրակային խոցման ուղղությամբ»։

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրել է.

«Ծանր ու վճռական մարտեր են Շուշիի համար. հաղթանակ մեր հերոսներին»։

Օրվա ընթացքում Ա.Հովհաննիսյանի գառումները ռեկորդային քանակի հասան։ Հիշեցնենք, որ նախորդ օրերին նա վստահեցնում էր, որ Շուշին թշնամին ոչ մի դեպքում չի գրավելու, հանդիմանում էր կասկածամիտներին, պահանջում ավարտել տարատեսակ «խոսակցությունները», վստահել Բանակին եւ այլն։

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել է.

«ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն արեւելյան ուղղությամբ ժամը 9:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ»:

ԱԺ նախկին գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը NEWS.am-ին հայտարարել է, որ պատերազմի այս ծանր պահին ակնհայտ կեղծիքով ներքին թշնամանք հրահրելու և թիկունքը թուլացնելու ցանկացած փորձ տականքություն, պետական դավաճանություն է և անհետևանք չի մնալու։ «Ara Saghatelyan» անունով օգտատիրոջ անունից կեղծ տեղեկությունների տարածման առիթով, Սաղաթելյանն ասել է, որ իր համար ակնառու են թե՛ կատարողները, թե՛ պատվիրատուները։

«Ծայրից ծայր զրպարտություն հանդիսացող այդ ստոր կեղծիքը անհետևանք չի մնալու:Իմ խնդրանքով փաստաբաններն արդեն դատական հայց են պատրաստում։ Երբ պատերազմն ավարտվի շատ կոնկրետ մարդիկ, շատ կոնկրետ հարցերի պատասխանելու պարտավորություն կունենան», ասել է նա։

«Զինուժ մեդիան» ռեպորտաժ է պատրաստել պատերազմի հերոսների մասին. Սայաթն արտերկրից էշտապ վերադարձել ու կամավորագրվել։ Ազատամարտիկի ընտանիքում ծնված երիտասարդը իր իսկ խոսքով՝ այնտեղ նստած մնալ չէր կարող։

«Ամեն մեկս գիտակցել ենք, որ եթե ես, նա կամ մյուսը չկռվենք, ապա ո՛չ հայրենիք, ո՛չ հող, ո՛չ էլ սրբություններ կունենանք»,- ասել է ամենաթեժ մարտերին մասնակցած Սայաթը, որը հրազենային վիրավորում է ստացել սրտի շրջանում ու հրաշքով փրկվել. գրպանում եղած աղոթագիրքն ու խաչն են նրան փրկել։

Այդ նույն աղոթագիրքն 90-ականների պատերազմում փրկել էր նաեւ Սայաթի հոր կյանքը։

«Ասացի՝ էդ գիրքը վերցնեմ, որովհետեւ եթե մի անգամ հորս փրկել է էդ գիրքը, իմն էլ կփրկի, վերցրեցի ու գրպանս դրեցի»,- պատմել է Սայաթը։

«Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնում Սայաթն ու մարտի դաշտում վիրավորում ստացած այլ զինվորներ բուժում են ստանում։ Ժամկետային զինծառայող Էրիկ Վարունցը ոտքի շրջանում բեկորային ծանր վնասվածք էր ստացել ու այդ վիճակում երեք օր շրջափակման մեջ մնացել։ Ռմբակոծության տակ մի դիրքից մյուսն է սողալով հասել։

Արցախցի Արմեն Ոսկանյանն էլ հարավային ուղղությամբ մարտերին է մասնակցել։

«Յուրաքանչյուրն էլ հայրենասեր պիտի լինի, բոլորը պիտի իրենց հարց տան՝ ի՞նչ են արել հայրենիքի համար, հասկանան, որ սա ամենավճռական պահն է»,- ասել է նա։Արմենի եղբայրը մարտերի ընթացքում երկու շաբաթ առաջ է զոհվել։

Եվրոպական դատարանը Ադրբեջանից պահանջել է մինչեւ նոյեմբերի 13-ը եւս 6 հայ ռազմագերու մասին տեղեկություն տրամադրել։ Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը եւ Սիրանուշ Սահակյանը հայտնել են, որ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեսանյութերի հիման վրա այդ անձինք նույնականացվել են կամ գերեվարվելու փաստը հաստատվել է նրանց հեռախոսներից ընտանիքի անդամներին կատարած զանգերի կամ հաղորդագրությունների միջոցով: Հայ գերիների ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան՝ կյանքի եւ անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով:

Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գտնվելու վայրի, պահման պայմանների եւ բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչեւ 13.11.2020թ»:

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացրել է, որ քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով` Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է։

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հերթական գրառումն է արել.

«Շուշիում մարտերը շարունակվում են, սպասեք ու հավատացեք մեր զորքին»։

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ ՀՀ-ի և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծել է ագրեսիվ պատերազմ, դրա շրջանակում պատերազմ վարելու արգելված մեթոդներ կիրառել, եւ համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված կերպով մարդկային և գույքային կորուստներ պատճառելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակում կալանավորվել են Սիրիայի քաղաքացիներ, ազգությամբ արաբ Մուհհրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը և Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին:

Միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության շրջանակում ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է ՀՀ-ում գործող օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին, միջազգային ահաբեկչության դեմ պայքարում մասնագիտացած միջազգային շահագրգիռ կազմակերպություններին առ այն, որ վերոնշյալ հանգամանքների առկայության մեջ համոզվելու ցանկություն ունենալու դեպքում պատրաստ ենք համապատասխան հայտի հիման վրա ապահովել շփումները կալանավորված անձանց հետ և տրամադրել վերոնշյալի վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկատվություն:

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել է.

«ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները ժամը 13:40-ի սահմաններում հարավարեւելյան ուղղությամբ խոցել են թշնամու հերթական «Բայրաքթարը»»:

Արծրուն Հովհաննիսյանը նոր գրառում է արել.

«Մարտերը շարունակվում են»։

Այդ մարտերի արդյունքների մասին Ա.Հովհաննիսյանը ոչինչ չի նշել, եւ շատերի տարակուսանքն է հարուցել, թե ինչո՞ւ է նա նույն բովանդակությամբ գրառումներ անում, ինչը առանց գրառման ու հաղորդագրության էլ է հայտնի։

WarGonzo նախագծի Telegram-ալիքը հաղորդել է հարավ-արեւելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի նահանջի մասին:@wargonzo նախագծի աղբյուրները հարավ-արեւելյան ճակատում նույնպես հաղորդում են, որ Արցախի Պաշտպանության բանակին հաջողվել է խոցել մեկ ինքնաթիռ Մարտունու մերձակայքում։

WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը պատրաստել է ռեպորտաժ Ստեփանակերտից թուրքական TR-107-ից հրետակոծության եւ Շուշիի շուրջ իրավիճակի մասին:

«Քաղաքն արդեն մի քանի ժամ շարունակ անդադար հրթիռակոծվում է համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից»,-հաղորդել է Սեմյոն Պեգովը՝ ցուցադրելով թուրքական TR-107 համազարկային կրակի ռեակտիվ համակարգը:

«Քաղաքը գտնվում է զանգվածային հրետակոծության ներքո արդեն առնվազն 12 ժամ, հնարավոր է՝ ավելի երկար:Հատկապես թեժ է այժմ Շուշիի մատույցներում: Ադրբեջանը չի հրաժարվում քաղաքը հսկողության տակ առնելու փորձերից: Մեր տեղեկություններով՝ փաստորեն բոլոր ուժերն Ադրբեջանը կիրառում է ռազմաճակատ հասնելու համար: Մարտերն այնտեղ իսկապես ծանր են: Արցախի Պաշտպանության բանակը դիմակայում է հակառակորդին ռազմաճակատի բոլոր ուղղություններում»,-պատմել է նա:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները. սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների արդյունքում թշնամին կորցրել է 264 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 784 միավոր զրահատեխնիկա, 6 ՏՕՍ, ունի 7630 զոհ:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ բանաձեւում հրապարակված տվյալներով՝ պատերազմից հայկական կորուստները կազմել են 3900, ադրբեջանական կողմինը՝ 2900 մարդ։ Հնարավոր է, որ Բաքուն նվազեցրել է իր զոհերի թիվը, բնականաբար, հաշվառված չեն վարձկան ահաբեկիչները եւ թուրք զինվորականները։ ՊԲ զոհված զինծառայողների եւ հակառակորդի կորուստների ներկայացվող վիճակագրությամբհանրությունը տպավորություն էր ստանում, որ Ադրբեջանի կորուստները մի քանի անգամ ավելի են։ Որոշ աղբյուրներ էլ պնդում են, ադրբեջանական կողմից սպանվածների թիվը հասնում է մինչեւ 18 հազարի։

Նշենք նաեւ, որ արդեն մի քանի օր հայկական կողմի զոհվածների ցուցակներ չէին հրապարակվում։

Հանրապետության նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնել են, որ ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը կազատվի պաշտոնից։ Մ.Համբարձումյանին պաշտոնից ազատելու առաջարկը ստացվել է ՀՀ վարչապետից։

Հիշեցնենք, որ Միքայել Համբարձումյանը ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել հոկտեմբերի 8-ին` ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկությունից հետո։

Նշենք, որ պատերազմից հետո հարցազրույցներում Մ.Համբարձումյանը պատմել էր իր հրաժարականի պատճառի մասին. Փաշինյանը պահանջել է քրեական գործ հարուցել Վազգեն Մանուկյանի դեմ եւ ձերբակալել նրան, Համբարձումյանը հրաժարվել է եւ ազատման դիմում գրել։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին Վազգեն Մանուկյանը կոչ էր արել ԶՈՒ հրամանատարությանը՝ ստանձնել երկրի իշխանությունը եւ փրկել դրությունը։

Իսպանիայում հայ համայնքի ներկայացուցիչները ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն Արցախի:Հավաքվածները մոմեր եւ ծաղիկներ են դրել հայկական խաչքարի մոտ:Նրանք նաեւ բերել են պաստառներ, որոնց վրա հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների նկարներն են:

ՀՀ նախագահի հրամանագրով Արմեն Աբազյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրեն:

Գնդապետ Արմեն Աբազյանը, որը զբաղեցնում էր ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը, ավելի վաղ նախագահի հրամանագրով ազատվել էր պաշտոնից։

Հիշեցնենք, որ Արմեն Աբազյանը օգոստոսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել էր քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իսկ օգոստոսի 11-ին ազատվել էր պաշտոնից:Աբազյանը զբաղեցրել է ԱԱԾ Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնը։

Ղազախստանի ինդուստրիայի եւ ենթակառուցվածքային զարգացման նախարարությունը հերքել է տեղեկատվական որոշ ռեսուրսների պնդումները, թե հանրապետությունը զենք է մատակարարում Ադրբեջանին:

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը հայտարարություն է տարածել.

«Դեռեւս ս/թ հոկտեմբերի 28-ին իմ կողմից որոշում է կայացվել եւ իմ իսկ նախաձեռնությամբ դիմել եմ ՀՀ վարչապետին՝ ինձ աշխատանքից ազատելու խնդրանքով, որին, սակայն, այդ պահին ընթացք չի տրվել:Այսօր ՀՀ վարչապետն ինձ առաջարկել է շարունակել ծառայությունս տնօրենի տեղեկալի՝ իմ նախկին պաշտոնում, որին չեմ համաձայնել՝ միեւնույն ժամանակ պնդելով աշխատանքից ազատվելու իմ խնդրանքը, որը բավարարվել է:Հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու հնարավոր շահարկումները՝ մանրամասներ չեմ ներկայացնելու, որոնց գուցե, ըստ անհրաժեշտության, անդրադառնամ ռազմական գործողությունների ավարտից հետո»։

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը Ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ ազատվել է աշխատանքից.

«(...) Ինչ վերաբերում է Էրատո ջոկատում իմ չընդգրկմանը, ապա ունեմ առողջական խնդիրներ և ներկա դրությամբ բուժում եմ ստանում»։

Ըստ այդ օրերին տարածված լուրերի՝ Հ.Հարությունյանը պարզապես հրաժարվել է անդամակցել «Էրատո» ջոկատին, ինչից հետո Ա.Հակոբյանը նրան առաջարկել է ազատվել աշխատանքից։

Արծրուն Հովհաննիսյանը Հանրային ՀԸ «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ընթացքում հայտարարել է, որ ռազմական գործողություններն այդ պահին ընթանում են Շուշիի ներսում եւ Շուշիի շրջակայքում.

«Մեր զորքերը հերոսական պայքար են մղում Շուշին պաշտպանելու եւ որոշ դիրքերում, որտեղ հայտնվել են ադրբեջանական կամ վարձկան ուժերը, դրանց չեզոքացնելու եւ վերահսկողությունը մեր ձեռքը վերցնելու ուղղությամբ։ Հիմա բարդ է ասելը, թե ով է վերահսկում իրավիճակը։ Վաղ առավոտից, ամբողջ ցերեկը համառ մարտեր են եղել, հստակ ասել, թե ում ձեռքին էր նախաձեռնությունը՝ դժվար է, երեկ ցերեկը, գիշերը մեծ խմբերով են ներթափանցել քաղաք, մերոնք վերախմբավորում կատարելով՝ դրանց չեզոքացնելու գործողություններ են արել։ Ես կուզենայի, այսօր ամբողջ օրը նշել եմ, որ չունենանք ոչ անհիմն լավատեսական, ոչ էլ հոռետեսական կանխատեսումներ, ուղղակի վստահենք մեր զորքին, որն ամբողջ օրը գրագետ պայքար է մղել, սպասենք որոշ ժամանակ, Շուշիի ճակատամարտը, որ 4 օր անդադար ընթանում է, հաջողություն-անհաջողություններով, գնահատականն անընդհատ փոխվում է, վաղը վերջնական պարզ կլինի։ Վաղը, ինձ թվում է, կավարտվի ճակատամարտը Շուշիի համար»,- ասել է նա։

Ա.Հովհաննիսյանն ասում է, թե «դժվար է ասել՝ ում ձեռքին է նախաձեռնությունը», մինչդեռ ՊՆ խոսնակ Շ.Ստեփանյանը եւ ՊԲ-ն հայտարարում էին, թե «Բանակային ստորաբաժանումները վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը»։ Բացի այդ, նախորդ օրերին Ա.Հովհաննիսյանը համառորեն պնդում էր՝ «Շուշին թշնամուն չի հանձնվելու», հիմա ասում է՝ «գնահատականն անընդհատ փոխվում է, վաղը վերջնական պարզ կլինի»։ Եզրակացությունները թողնում ենք ընթերցողներին։ Այդ պահին Շուշին արդեն ընկել էր։

Նույն հաղորդման ընթացքում, անդրադառնալով Շուշին գրավելու առիթով Ալիեւին հասցեագրված Էրդողանի շնորհավորանքին, Արծրուն Հովհաննիսյանն ասել է՝ այս պատերազմի ամբողջ ընթացքում Ալիեւը հայտարարում էր, որ շատ ու շատ բնակավայրեր են իրենք վերցրել, առնվազն շատ ավելի շուտ էր հայտարարում, քան դա լինում էր կամ ընդհանրապես չէր լինում։

«Այնպես որ, չէի ուզենա, որ մեր հասարակությունը հենվեր Ալիեւի հայտարարությունների վրա։ Շնորհավորանքներ, Բաքվում միմյանց կոնֆետներ են բաժանում․․․ Բայց հաճախ եմ ասել, որ ոչ շատ ոգեղեն, ոչ էլ խուճապային բաներ ցանցերում պետք չէ տարածել, քանի որ դրանք ոչ լիարժեք պատկերացում են տալիս ռազմաճակատի դրության մասին։ Շուշին, իհարկե, մեզ համար կարեւոր քաղաք է, սուրբ վայր է, բայց․․․ Երեկ ասացի, որ եթե ունես կամք ու վճռականություն՝ մինչեւ վերջ կռվելու, եթե ունես պատրաստակամություն՝ գնալ մինչեւ վերջ, մեկ քաղաքի կորուստը ոչինչ չի նշանակում։ Մենք, իհարկե ձգտելու ենք, Շուշին մեզ համար խորհրդանշական դեր ունի, բայց․․․ առաջ չընկնենք իրադարձություններից։ Մենք գործ ունենք շատ ուժեղ թշնամու հետ, Թուրքիան ամեն ինչով օգնում է, բայց եթե ունես մարտունակ զորք, ամեն մի պահի կարող ես անցնել հակահարձակման, ամենակարեւորը զորքը պահպանելն է։ Ես օրերս տեսել եմ մեր հրամանատարներին, զինվորներին, նրանց աչքերը վառվում են վրեժխնդրությունից։ Նրանց չի հաջողվել ամբողջովին վերցնել քաղաքը, վերահսկողություն սահմանել ենթակառուցվածքների նկատմամբ, լոգիստիկան կտրել։ Մենք առաջին փուլը հաղթեցինք, բայց գիշերը վերախմբավորում արեցին ու ավելի մեծ ուժերով եկան։ Արդեն դիվերսիոն խմբերով չեն, զրահատեխնիկայով, հրետանիով են եկել», ասել է ՊՆ ներկայացուցիչը։

Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ այսօր մարտեր են ընթացել Մատաղիսի, Մարտունու, Բերձորի ուղություններում.

«Մատաղիսի ուղղությամբ հարձակումները, ոչ մեծ, շարունակվել են, Մարտունիում առավոտյան նրանց հաջողվել էր մեկ դիրք վերցնել, բայց զրահատեխնիկայի կորուստ ունեցան ու հետ շպրտվեցին։ Հադրութից արեւմուտք ծանր մարտեր են ընթացել, գրոհները հետ են մղվել, նրանց չի հաջողվել առաջ գնալ։ Եթե այս ուղղություններից մեկում բեկում մտցնենք՝ կարող է իրավիճակ փոխվել», ասել է Արծրուն Հովհաննիսյանը։

Ա.Հովհաննիսյանն ասում է՝ «ամենակարեւորը զորքը պահպանելն է»... Արդյո՞ք պահպանվում էր զորքը. առանց մեկնաբանության։

Քիչ անց Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրել է.

«Հակադրություններ մի փնտրեք, իրադարձություններից առաջ մի ընկեք, ուղղակի սպասեք, վստահեք ու սպասեք»։

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել է.

«ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները Ստեփանակերտից հյուսիս արևմուտք հատվածում ժամը 19:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ: Լարվածությունն առաջնագծում պահպանվում է: Հրետանային և ականանետային փոխհրաձգություն է: Հարավարևելյան ուղղությամբ դիտարկվել է հակառակորդի շարասյուն, որի ուղղությամբ վարվել է դիպուկ կրակ՝ ոչնչացնելով մեծ քանակի կենդանի ուժ և տեխնիկա։ՊԲ զորատեսակները վստահաբար կատարում են իրենց մարտական առաջադրանքները, հակառակորդի մարտական ներուժի մաշումը շարունակվում է»։

Իսկ ՊԲ ներո՞ւժը... Առանց մեկնաբանության։

Ռուս ռազմական թղթակից Յուրի Կոտենոկն իր Telegram-ալիքում տեղադրել է աֆրիկյան ծագման տղամարդու լուսանկար, որը դուրս է ցցվել Ադրբեջանի դրոշով ծածկված ավտոմեքենայի պատուհանից:«Բնիկ ադրբեջանցին տոնում է Շուշիում հաղթանակը»,-մեկնաբանել է նա լուսանկարը:

«Զինուժ» մեդիան տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է հայկական ուժերի գործողությունների արդյունքում հակառակորդը փոխուստի դիմում Բերձորի լեռներից:

Banak.info-ն բացառիկ տեսանյութ է ներկայացրել մարտական գործողությունների վայրից՝ նշելով.

«Հայկական ուժերը ջախջախել են Բերձորի ուղղությամբ գրոհող ադրբեջանական ուժերը և զինտեխնիկան: Արցախի հարավ-արևմտյան ուղղությամբ թեժ մարտերի ժամանակ հակառակորդը կրել է թե΄ մարդկային ուժի, թե΄ զինտեխնիկայի բազմաթիվ կորուստներ։ Հայկական կողմը շարունակում է պատասխան պատժիչ հարվածներով կանխել հակառակորդի հարձակողական գործողությունները և որոշ դեպքերում ունենալ դիրքային բարելավումներ»։

Երեկոյան ավանդական ճեպազրույցում Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ իրավիճակը ռազմաճակատում շարունակում է մնալ լարված.

«Երեկ ողջ գիշեր եւ այսօր ցերեկվա ընթացքում ռազմաճակատի տարբեր ուղղություններով մարտերը շարունակվել են, դրանք եղել են բավականին ինտենսիվ: Նախ հյուսիսում թշնամու զորքերը, հիմնականում փոքր մարտավարական խմբեր, հրետանու աջակցությամբ փորձել են հարձակվել մեր դիրքերի ուղղությամբ, սակայն կորուստներ կրելով հետ են շպրտվել: Մարտունու ուղղությամբ վաղ առավոտյան, որոշակի հաջողություններից հետո մեր զորքերին հաջողվել է թշնամուն կանգնեցնել, հետ շպրտել ելման բնագծերը, կրել են զգալի կորուստներ: Շուշի քաղաքի մեջ եւ շրջակա հարակից տարածքներում, պարիսպների տակ, ճանապարհների վրա, որոնք տանում են դեպի Շուշի, մարտերը ողջ օրվա ընթացքում եղել են բավականին սաստիկ: Այս պահին էլ որոշակի մարտեր ընթանում են, նաեւ ինտենսիվությունը զգալի թուլացած է: Սաստիկ է եղել նաեւ այսօր Բերձորի ուղղությամբ, թշնամու ուժերը մի քանի անգամ փորձել են ճեղքել եւ դուրս գալ դեպի Բերձոր, հավանաբար փորձելով օգնության հասնել Շուշիում կռվող իրենց ստորաբաժանումներին, բայց կրելով զգալի կորուստներ հետ են շպրտվել, ավելին` դիմել են փախուստի: Կադրերն այսօր ցուցադրել ենք»,-ասել է նա` հավելելով, որ այս պահին էլ մարտերն ընթանում են:

Արծրուն Հովհաննիսյանը այդ պահին ռազմաճակատում տիրող իրավիճակը գնահատել է բավականին դրական, նշել, որ մեր ուժերին հաջողվում է թշնամու ուժերին թույլ չտալ առաջխաղացումը:

Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է նաեւ, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը չի վիրավորվել, այդ տեղեկությունը կեղծ է։

«Սեյրան Օհանյանը՝ Շուշին ազատագրած լեգենդար հրամանատարն, Արցախի հերոսն այս օրերին դարձել է Շուշին պաշտպանող կենդանի լեգենդ։ Ու ես հավատում եմ ու վստահ եմ, որ մենք նաև նրա հրամանատարությամբ նրա զինակիցների գործը փառքով ավարտին կհասցնենք։ Կեղծ է լուրը, որ նա վիրավորված է, նման բան տեղի չի ունեցել։ Նա այսօր էլ կանգնած զորքի կողքին և կռվում է»,- ասել է նա։

Ա.Հովհաննիսյանի խոսքից հասկացվում է, թե Ս.Օհանյանը Շուշիի պաշտպանության հրամանատարն էր, մինչդեռ այդպես չէր, մինչեւ օրս նույնիսկ հայտնի չէ՝ ով էր, եւ ում հրամանով են բերդաքաղաքի պաշտպանները դուրս եկել Շուշիից։

Արցախի ՄԻՊ աշխատակազմը պատրաստել է երրորդ փակ զեկույցը ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ զինծառայողների դիակների և ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ.

«Զեկույցն ուղարկվել է միջազգային կազմակերպություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին և իրավապաշտպան կազմակերպություններին:

Անպատժելիությունն ու տեղի ունեցող պատերազմական հանցագործություները կանխելու միջազգային հանրության անկարողությունը պարարտ հող է ադրբեջանական կողմի համար առավել մեծ դաժանությամբ շարունակելու իր վայրագությունները Արցախի խաղաղ բնակչության, ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների նկատմամբ: Արցախի ՄԻՊ-ը ևս մեկ անգամ կոչ է անում միջազգային հանրությանն իր պարտավորություններին համարժեք պատշաճորեն արձագանքելու նման դեպքերին և կանխարգելելու հետագա հնարավոր ոճրագործությունները»:

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հերթական գրառումը.

«Աշխարհում ոչ մի տեղ այսքան Բայրաքթար չի զգետնվել, որքան մեր մոտ»։

Նշենք, որ նրա «զգետնվել» բնորոշումը հետագայում դարձավ ծաղրի ու քննադատության առարկա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կիրակի ընդունել է Թուրքիայի ԱԳ եւ պաշտպանության նախարարներ Մեւլյութ Չավուշօղլուին եւ Հուլուսի Աքարին:

Այլ մանրամասներ հայտնի չեն:

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը գիշերը Ադրբեջանի հրետակոծած Ստեփանակերտի երաժշտական դպրոցի տարածքից հանդես է եկել նոր կոչով։Նա ասել է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան շարունակում են պատերազմական հանցագործությունները` հրետակոծելով քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախի ՄԻՊ-ը միջազգային հանրությանը կոչ է արել «կույր» չլինել:

Եվս մեկ գրառում Արծրուն Հովհաննիսյանից.

«Գյոռբագյոռ-2020։ Չմոռանաք պատմության համար»:

Այս բնորոշումը եւս դարձավ քննադատության ու ծաղրի առարկա։ Եվ, ընդհանրապես, որքա՞ն արժեին նման հայտարարությունները՝ հայկական կողմի համար աղետալի վերջաբանով պատերազմի ավարտից մի քանի ժամ առաջ։

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը «Ազատությանն» ասել է, թե բերդաքաղաքում մարտերը շարունակվում են, մաքրման աշխատանքներ են կատարվում.

«Գիշերը ռմբակոծվել են մատույցները, որտեղ գտնվում է թշնամին։ Շարժ է նկատվել թշնամու կողմից իրենց բազմաթիվ «Պիկապներով», Իսայի աղբյուրի հատվածով, գազի խողովակների կողքով շարժվում էին դեպի Իսայի աղբյուր, այդտեղ էլ նրանց ոչնչացրել են»,- ասել է Արծվիկ Սարգսյանը։

Արծրուն Հովհաննիսյանը հարցազրույց է ունեցել նաեւ «Ազատության» հետ եւ հայտարարել, որ մարտեր են ընթանում նաեւ Արցախի հարավում ու Մարտունու ուղղությամբ.

«Մի փոքր ավելի ինտենսիվ, բայց ոչ Շուշիի մակարդակի մարտեր գնում են նաեւ Մարտունիի ուղղությամբ, որտեղ 1-2 հարձակողական գործողություն ու գրոհ ենք մղել այսօր։ Այդ հատվածում կա ստաբիլություն»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը։

Շուշիի քաղաքում եւ մերձակայքում մարտեր են գնում. սպասեք պաշտոնական տեղեկությունների, զերծ մնացեք գնահատականներից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Արցախի ԱԻՊԾ-ից հայտնել են, որ օրվա ընթացքում Արցախի բնակավայրերում իրադրությունը եղել է կայուն լարված, Ստեփանակերտում հանգիստ իրավիճակը պահպանվել է մինչև ժամը 18։30-ը.

«Քիչ առաջ հրթիռակոծվեց քաղաքը։ Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ տուժած։ ԱԻՊԾ փրկարարները վիրավորին առաջին օգնություն են ցուցաբերել և տեղափոխել բուժհաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։Մարտակերտում` օրվա ընթացքում երկու անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։ Թշնամին քաղաքի վրա փորձել է կիրառել ռազմավիացիա։Մարտունիում իրադրությունը դարձյալ անհանգիստ է եղել։ Այստեղ կեսօրին թշնամական կողմը ծանր հրետանի է կիրառել` հարվածել քաղաքացիական ենթակառուցվածքներին։Ասկերանի, Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել է»։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն կեսգիշերին մոտ գրառում է արել.

«Հայ եկեղեցու աղոթքներով շաղախված ու մեր հերոս զավակների արյունով թրծված Շուշին մե՛րն է ու մե՛րը պիտի մնա՝ ի գին ամեն զոհողության»։