Դինքի սպանության գործով մեղադրյալներից մեկը պահանջել է զղջման իրավունքից օգտվելու հնարավորություն ընձեռել իրեն
Ստամբուլի թիվ 14 ծանր հանցագործությունների դատարանում այսօր շարունակվել է պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստը:
Նիստից առաջ «Հրանտ Դինքի ընկերներ» նախաձեռնության անդամները, որոնց թվում է նաև խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, բողոքի ակցիա են անցկացրել դատարանի շենքի առաջ:
Նիստի ընթացքում իրենց պաշտպանական ճառով են հանդես եկել նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Ջելալեդդին Ջերահը, Էնգին Դինչը, Ռամազան Աքյուրեքը, Ալի Ֆուաթ Յըլմազերը, Ֆարուք Սարըն և Ահմեդ Իլհան Գյուլերը:
Հայտնի է, որ Տրապիզոնի հետախուզական կոմիտեի նախկին ղեկավար Ֆարուք Սարըն դատարանից պահանջել է զղջման իրավունքից օգտվելու հնարավորություն ընձեռել իրեն: Զղջման իրավունքից օգտվող մեղադրյալների հանդեպ, ըստ Թուրքիայի օրենսդրության, կարող են կիրառվել որոշակի մեղմացուցիչ հանգամանքներ:
Նշենք, որ դեռևս 2015թ.-ին Դինքի սպանության մասին նախապես տեղյակ եղած և այն չկանխած թուրք պաշտոնյաների գործի շրջանակում ձերբակալված ոստիկան Մուհիթթին Զենիթը մեղադրել էր իր հրամանատարներին, որոնց թվում էր նաև Սարըն: Զենիթի պնդմամբ՝ Սարըն ու մի շարք այլ պաշտոնյաներ իրեն դրդել են զրուցել սպանության կազմակերպիչների հետ:
Զենիթը նշել էր, որ Տրապիզոնի ոստիկանության և հետախուզության նախկին պաշտոնյաներ Էնգին Դինչը, Ֆարուք Սարըն և Էրջան Դեմիրը սպանությունից անմիջապես հետո իրեն ստիպել են զանգել Էրհան Թունջելին և ասել, որ սպանության պլանի մասին տեղյակ է եղել:
Նշենք, որ նրանցից շատերի նկատմամբ նաև մեղադրանքներ են առաջադրված Թուրքիայում 2016թ.-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի առնչությամբ:
Պոլսահայ հայտնի լրագրող, մտավորական, «Ակօս» թերթի հիմնադիր և խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը: