Դինքի գործով դատին հետախուզության նախկին պետն անիծել է Էրդողանին
Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստի ժամանակ հետախուզության C բաժանմունքի նախկին պետ Ֆուաթ Յըլմազերն իր պաշտպանական ճառի ժամանակ անիծել է Էրդողան։
Ինչպես տեղեկացնումէ Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Դինքի սպանության գործով որպես մեղադրյալ անցնող Ֆուաթ Յըլմազերը դատարանում իր խոսքի ընթացքում հիշեցրել է նախկին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգով սարքվող գործերից մեկը։ «Վարչապետն ասաց, որ OdaTV–ով զբաղվենք։ Բայց ես Նեդիմ Շեների ու Ահմեդ Շըքի դեմ որեւէ գործ չեմ սարքել։ Նույնիսկ նրանց հեռախոսազրույցները չեմ լսել։ Գործը հետաքննում էր Զեքերիա Օզը (հետախուզման մեջ է–խմբ)։ Հրաման տվեցին ու հրամանը կատարողների թիկունքին չկանգնեցին։ Թող Աստված իրենց հազար պատիժ տա»,–ասել է Ֆուաթ Յըլմազերը։
Դատարանի նախագահը հորդորել է անեծք չտալ նախագահին։ «Պետական դաստիարակություն ստացած մարդ եք։ Անեծքը վատ բան է։ Ինչ էլ լինի, այն անձը ում անիծում եք, ներկայում երկրի նախագահն է»,–ասել է դատավորը։