Պատգամավորն ու համայնքի ղեկավարը փոխմարզպետին չեն ճանաչում
Վայոց Ձորի փոխմարզպետի հետ երեկ որևէ կոնտակտի մեջ չեմ մտել, ո՛չ ճանաչում եմ, ո՛չ էլ ուզում եմ ճանաչել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով հրապարակմանը, թե Վայոց Ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը հաղորդում է ներկայացրել Եղեգնաձորի բաժին այն մասին, որ Սերգեյ Բագրատյանն ու Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Սեդրակյանը երեկ հարձակվել են իր վրա:
«Ինչ է, փորձե՞լ ենք հարվածել, չի՞ ստացվել, չկա նման բան, իսկ թե ինչու է նման հաղորդում ներկայացրել, չգիտեմ, իրեն չեմ ճանաչում»,-եզրափակեց պատգամավորը:
Արտաբույնք համայնքի վարչական շրջանի ղեկավար Արմեն Սետրակյանն էլ ասաց, որ ինքը նման միջադեպի մասնակից չի եղել:
«Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժնում էլ ասացի՝ նման բան չի եղել, էտ տղուն չեմ էլ ճանաչում, բերեցին, իրա գրածը կարդամ, ստորագրեմ, հրաժարվեցի ցուցմունք տալուց, չգիտեմ՝ ինչի է այդ տղան այդպես գրել, սուտ ցուցմունք տվել»,-եզրափակեց համայնքի ղեկավարը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վայք քաղաքի բնակիչ, 38-ամյա Ռազմիկ Տոնոյանը, ով փոխմարզպետն է, հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որ պատգամավորն ու համայնքի ղեկավարը անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ, վիրավորել և փորձել են հարձակվել իր վրա, հարվածել: Փաստի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: