Օրենքի բացառություններ ՔՊ -ականների համար
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ներկայիս պատգամավորների որոշ մասը, մինչ մանդատ ստանալը, զբաղվում էր գործարարությամբ, մանդատից հետո, օրենքի պահանջի համաձայն՝ բիզնես կամ գործարար գործունեությունը հավատարմագրում այլ անձի եւ զբաղեցնում անձեռնմխելի պաշտոնը։ Սա օրենք է բոլորի համար. սակայն օրենքը «օրենք չէ», եթե այն բացառություններ չունի ՔՊ-ական պատգամավորների համար։ Խոսենք փաստերով։
Այսպիսով՝ ՀՀ օրենքի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքը սահմանում է՝ պատգամավորական մանդատը ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, պատգամավորը պարտավոր է`
1) դուրս գալ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից,
2) ազատվել առեւտրային կազմակերպություններում զբաղեցրած պաշտոնից,
3) դուրս գալ առեւտրային կազմակերպություններից կամ դրանց կանոնադրական կապիտալում իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել հավատարմագրային կառավարման,
4) հրաժարվել առեւտրային կազմակերպությունում ուրիշի գույքի հավատարմագրային կառավարումից,
5) ազատվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցրած պաշտոններից, բացառությամբ՝ սույն հոդվածի 5-րդ մասում նշված պաշտոնների,
6) ազատվել վճարովի հիմունքներով աշխատանքից, բացառությամբ՝ գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի:
Օրինակ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը, պատգամավորական մանդատին զուգահեռ, զբաղվում է նաեւ նյութերի թվայնացմամբ, խմբագրմամբ. հենց այս աշխատանքի համար էլ պատգամավորը 2023 թվականին «Գրանիշ» գրական ակումբի կողմից պարգեւատրվել է այդ տարվա ընթացքում արխիվային նյութերի թվայնացման, խմբագրման ու նորովի մեկնաբանման համար։
Այս ամենը գուցե նորմալ դիտվեր այն դեպքում, երբ այս աշխատանքը համարվեր ստեղծագործական աշխատանք, սակայն փաստաթուղթը, որը ներկայացված է, ամենեւին ստեղծագործական տարրեր չի պարունակում։ Ավելին՝ կազմակերպությունը, այս դեպքում՝ գրական ակումբը, որտեղ գործունեություն է ծավալում Ղազարյանը, որը գործում է ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ, անհամատեղելի պաշտոն է համարվում պատգամավորական մանդատ ունեցող անձի համար։
Ըստ մեր տեղեկությունների՝ Թագուհի Ղազարյանը, Բուն TV-ում հաղորդում վարելու համար, նախորդ տարի դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով թույլտվություն ստանալու համար, հավաստիացրել է, որ այն պարբերական բնույթ չի կրելու։ Հանձնաժողովը թույլատրել է, քանի որ այն դիտարկվել է որպես ստեղծագործական աշխատանք, սակայն այս դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը աչք է փակում եւ ոչ մի արձագանք չի տալիս, համենայնդեպս, այդ մասին որեւէ արձանագրում չկա։
Եթե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ նախաձեռնի եւ իսկապես անհամատեղելիություն հայտնաբերվի, ապա Ազգային Ժողով կուղարկվի Թագուհի Ղազարյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը։
Ստացվում է, որ պատգամավորական մանդատին զուգահեռ, անհամատեղելի աշխատանքներ կատարող իշխանական պատգամավորներն անպատիժ են մնում։ Հենց սա է Նիկոլ Փաշինյանի սիրելի «պոզով եւ պոչով» կոռուպցիան։
Նշենք նաեւ, որ վերոնշյալ հարցերի առնչությամբ փորձեցինք կապ հաստատել պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում