«Երբ մոռանում ես բռնակալի հայրանունը». Ուսպենսկայայի միակ դուստրը մոր հետ սկանդալից հետո ԱՄՆ տեղափոխվելուց հետո խոսել է ազատության մասին (լուսանկար)
ՌԴ հայտնի երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի միակ դուստրը` Տատյանա Պլակսինան, ԱՄՆ մեկնելուց հետո գրառում է արել սոցցանցերում, որն առիթ է տվել մտածելու, որ մայր ու դուստր այդպես էլ համաձայնության չեն եկել, գրում է woman.ru-ն:
Տատյանան Instagram սոցցանցում իր նկարած նկարներից է հրապարակել, որում պատկերված է աղջիկ` աչքին ու վզին կարմիր կետով: Հիշեցնենք, որ նա մեղադրել էր մորը իր նկատմամբ բռնություն կիրառելու համար:
Լուսանկարին կից Պլակսինան մեջբերել է Իոսիֆ Բրոդսկիի բանաստեղծությունից մի հատված. «Ազատությունն այն է, երբ մոռանում ես բռնակալի հայրանունը»:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, հայտնի երգչուհի Լյուբով Ուսպենսկայան դժգոհել է իր դուստր Տատյանա Պլակսինայի հետ սկանդալից հետո «իր կյանքը ոչնչացնելու» փորձերից ու իր դեմ տարվող թունավոր արշավից: Համապատասխան գրառումը երգչուհին արել է Instagram-ում:
«Եվս մեկ անգամ շնորհակալություն իմ հանդիսատեսին, որն ինձ սիրում է և աջակցում, որը հավատում է ինձ, այլ ոչ ստոր տականքներին, որոնք փորձում են սևացնել ինձ և քանդել իմ ընտանիքը: Սակայն այդ վաճառված ու անգութ լրագրողներին դա չի հաջողվի»,- գրել է Ուսպենսկայան:
Հիշեցնենք, որ օրերս ռուսական հեռուստատեսությամբ «Աստղերը հավաքվել են» («Звезды сошлись») հաղորդման շրջանակում Պլակսինան հայտարարել էր, որ մայրը կողպում է դուռն ու սկսում խեղդել իրեն, սպառնում է հոգեբուժարան ուղարկել:
Դա շատ էր զարմացրել Ուսպենսկայայի երկրպագուներին, որոնք երգչուհուն խնդրել էին պարզաբանել դստեր հետ կապված իրավիճակն ու այն, թե արդյոք մայրն իրոք այդքան դաժան է վարվել դստեր հետ:
Ուսպենսկայայի փաստաբանի խոսքով՝ Պլակսինայի մոտ շիզոֆրենանման պսիխոզ է ախտորոշվել, և աղջիկը հաշիվ չի տալիս իր քայլերին:
Առաջացած սկանդալից հետո Պլակսինան սոցկայքերում հրապարակավ ներողություն էր խնդրել մորից:
«Սիրելի մայրիկ, ներիր հիմարության համար: Մինչև կյանքիս վերջ ծնկաչոք կլինեմ քո առաջ: Ցավում եմ, որ մեզ համար այսքան բարդ ժամանակահատվածում ազատություն եմ տվել հույզերիս, իսկ անշնորհք մարդիկ օգտվել են դրանից»,-գրել էր աղջիկը:
Ուսպենսկայան, իր հերթին, մեկնաբանելով դստեր հնչեցրած մեղադրանքները, ասել էր, որ լրագրողները հոգեբանական ճնշում են գործադրել աղջկա վրա՝ նրան ստիպելով անհեթեթ բաներ խոսել:
Ուսպենսկայայի դուստրն ընտանեկան սկանդալից հետո լքել է Ռուսաստանը: