Գիտնականները հայտնաբերել են, թե ինչու է մարզումը հիշողությունը բարելավում
ԱՄՆ-ի Դելավերի համալսարանի գիտնականները պարզել են, որ ամենօրյա մարզումը եւ սպորտով կանոնավոր զբաղվելը կարող են զգալիորեն բարելավել գլխուղեղի այն հատվածների աշխատանքը, որոնք պատասխանատու են հիշողության համար: Դա տեղի է ունենում, քանի որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ուղեղի հիշողության կենտրոնը (հիպոկամպը) ավելի միաձույլ եւ առաձգական է դարձնում:
Գիտնականներին, իհարկե, վաղուց է հայտնի, որ սպորտով զբաղվելը ուղեղի աշխատանքը բարելավում է: Սակայն այս ֆենոմենի նեյրոֆիզիոլոգիական բացատրությունը գտնելու բոլոր փորձերը ձախողմամբ էին ավարտվում, հայտնում է NeuroImage պարբերականը:
«Մենք պարզել ենք, որ հիպոկամպը որքան առաձգական է եղել, այնքան կամավորների հիշողությունը լավացել է: Առաձգական հիպոկամպը կարելի է համեմատել պենոպլաստե ամուր ներքնակի հետ, որը ձեւը վերականգնում է վրան կանգնելու դեպքում: Իսկ եթե այն ավելի ձիգ է լինում, հիշողությունը վատթարանում է: Նման կերպ մաշված ներքնակը շարունակում է պահպաել մարմնի ձեւը եւ «չի հիշում» իր նախկին տեսքը»,- հայտարարել է հետազոտության հեղինակ Քերթիս Ջոնսոնը:
Գիտնականները վերլուծել են 18-ից 35 տարեկան 51 կամավորների ուղեղի կառուցվածքը: Նրանց թվում են եղել ինչպես սպորտի սիրահարներ, որոնք կանոնավոր մարզվել են մարզադահլիճում, այնպես էլ այնպիսիք, որոնք հազվադեպ են մարզումներ կատարել: Թեստերի ընթացքում կամավորները պետք է լուծեին հիշողության հետ կապված մի քանի պարզ խնդիրներ:
Դիտարկումները ցույց են տվել, որ կամավորների հիշողության ամրությունն իսկապես կախված է հիպոկամպի ներքին կառուցվածքից եւ այն բանից, թե նրանք որքան հաճախ են սպորտով զբաղվել, այլ ոչ թե ուղեղի հատվածի ծավալից եւ նրա կշռից: Նման կախվածությունն ավելի վառ է արտահայտվել այն մարդկանց մոտ, որոնք սպորտով են զբաղվել հաճախ եւ ավելի շատ, քան այն կամավորները, որոնք հազվադեպ են մարզվել: