Իմ հայրենիքում՝ Ավստրալիայում, քվեարկությունը բոլոր քաղաքացիների համար պարտադիր է
Իմ հայրենիքում՝ Ավստրալիայում, քվեարկությունը բոլոր քաղաքացիների համար պարտադիր է: Եթե քվեարկության տարիքում եք ու առանց հիմնավոր պատճառի չեք մասնակցել քվեարկությանը, ապա տուգանվում եք: Այս համակարգի կենսունակությունն ու արդյունավետությունը վերապահելով ժամանակին, ուղղակի ցանկանում եմ նկատել, որ այն շեշտում է ընտրության գնալու կարևորությունը: Եվ, ահա ինչու:
Շատերս կարծում ենք, թե քվեարկությունը կարևոր չէ, որ մեր ձայնը ոչինչ էլ չի որոշում: Երբեմն էլ մտածում ենք՝ ավելի լավ է չքվեարկել և մնալ տանը, կամ որ ավելի վատ է, ասենք վաճառել ձայնը՝ 20,000 դրամով (երբեմն նույնիսկ ավելի ցածր գնով)՝ «մեկ է, որոշողը մենք չենք, գոնե մի քիչ գումար աշխատենք» տրամաբանությամբ:
Բոլոր այս արդարացումները հնարավոր են և հաճախ լսելի Հայաստանում, բայց այս ինքնախաբեությանը հավատացողն իրավունք չունի մինչ հաջորդ ընտրություն բողոքելու, փնթփնթալու ու որևէ փոփոխություն ակնկալելու: Դուք չեք կարող պահանջել առողջապահության, կրթության, հարկային, էկոլոգիական համակարգերից ավելի լավ աշխատանք, ավելի բարձր մակարդակ, որովհետև ձեզ՝ մեկ-երկու օրվա համեղ ընթրիքի գնով վաճառելով թույլ եք տվել շարունակել այն, ինչ ձեզ չէր գոհացնում: Դե, առաջ, վաճառեք ձեր ձայնը կամ մի քվեարկեք: Բայց պետք է պինդ փակեք ձեր բերանները հաջորդ մի քանի տարիների ընթացքում: Պայմանավորվեցի՞նք:
Այլ տարբերակ ևս կա. կարող եք քվեարկել ապագայի այն տեսլականի համար, որին հավատում եք: Ընտրեք ոչ թե կոնկրետ անձ կամ բնավորություն, այլ տեսլական, ձեր սատարած քաղաքական կուսակցության ունեցած երկրի տեսլականը, որը ձեզ առավել խելամիտ ու իրագործելի է թվում:
Բավականին սպասելի է, երբ մարդ ետ է քաշվում՝ ասելով, թե ինչպես կարող է իր մեկ ձայնը փոխել ինչ-որ բան: Իրապես, այս սենտիմենտն արտահայտում են շատ մարդիկ (այն հատկապես տարածված է երիտասարդների շրջանում)՝ ժողովրդավարական տարբեր երկրներում, ամբողջ աշխարհով մեկ:
Սակայն այս դատողությունը ոչնչի չի հանգեցնի: Նայեք աշխարհի ժողովրդավար երկրներին և տեսեք նրանց քվեարկության արդյունքները: Դեմոգրաֆիկ այն խմբերը, որոնք գերադասում են տանը նստել, խորհրդարանում, կոնգրեսում, կառավարությունում ամենաքիչ ներկայացվածն են դառնում: Ահա թե ինչու քվեարկության նկատմամբ ավելի ցինիկ վերաբերմունք ունեցող խմբի՝ երիտասարդների շահերը ամենաքիչն են ներկայացված: Եթե ընտրազանգվածում երիտասարդների թիվն աճի, իշխանավորները ստիպված կլինեն սկսել ավելի շատ լսել նրանց: Եվ երիտասարդներն ավելի քաջալերված կլինեն մտնելու քաղաքական դաշտ:
Եթե ձեզ համար կարևոր են այնպիսի հարցերը, ինչպիսիք են տրանսպորտի, առողջապահության, կրթության համակարգերը, ազգային հարստությունը, ձեր վճարելիք հարկերի չափը և այն, թե ինչպես է կառավարությունն օգտագործում ձեր ստեղծած ռեսուրսները, պարտավոր եք քվեարկել: Հակառակ դեպքում՝ մի՛ բողոքեք:
Ցինիզմը որդեգրելը շատ դյուրին է, սակայն նաև շատ վտանգավոր: Բայց մի մոռացեք, որ մենք՝ որպես մեկ ամբողջություն ավելի ուժեղ ենք, քան որպես առանձին մասեր: Իմ սիրելի լատինական ասացվածքը թարգմանելով կասեմ հետևյալը. «Այն, ինչ անդրադառնում է բոլորի վրա, պետք է հաստատվի բոլորի կողմից»: Սա կարևոր ճշմարտություն է, որի մասին, հատկապես քաղաքական անցողիկ փուլերում, պետք չէ մոռանալ:
Դրական, սակայն ճշմարտացի տոնայնությամբ ավարտելու համար կցանկանայի առանձնացնել, որ չնայած շատ զայրացած ձայներին և խիստ դատող մարդկանց, հայկական ժողովրդավարությունը զարմանալիորեն ուժեղ է: Ինձ չեք համոզի, որ Ռուսաստանում (կամ հետխորհրդային շատ այլ երկրներում) այդքան հեշտ է քաղաքի սրտում կանգնելն ու Նախագահի հասցեին վիրավորանքներ կամ վիրավորական արտահայտություններ բղավելը: Ընդամենը մի քանի օր առաջ ես լսեցի, թե ինչպես է ծերունիների մի խումբ հրապարակում կանգնած վիրավորում Սերժ Սարգսյանին: Նման բանը մեր հարևան երկրներից շատերում,օրինակ՝ հարևան Ադրբեջանում, Իրանում և Թուրքիայում, դուք երբեք չէիք մարսի: Սակայն Հայաստանում կառավարությունը հանդուրժողական է հակընդդեմ կարծիքների, անգամ՝ անձնական վիրավորանքների հանդեպ: Եվ, ի վերջո, ի տարբերություն հարևանների, այստեղ այլակարծության համար քեզ բանտ չի սպառնում:
Կարծում եմ, շատ հայեր և արտասահմանցիներ չափազանց դանդաղ են հասկանում, թե որքան ուժեղ են Հայաստանի ժողովրդավարական արժեքները (ժողովրդավարության տվյալ վիճակը հաշվի առնելով, այսքան երիտասարդ ժողովրդավարական պատմությունը, և տարածաշրջանի մյուս երկրների հետ համեմատելով): Փողոցում բացահայտ կերպով երկրի նախագահին վիրավորել կարողանալը լավ բան է, դա մեր ժողովրդավարության ուժի գրավականն է: Իհարկե, կարող էր ավելի լավ լինել, և ցանկալի կլիներ, որ անձնական վիրավորանքների փոխարեն մենք քննարկեինք աշխատանքը, նպատակներն ու արդյունքները, այդ դեպքում երկուստեք ավելի կշահեինք: Սակայն այդ ուղղությամբ մենք անասելի դանդաղ ենք շարժվում: Փաստացի, մի փոքր կատակի տարր ավելացնելով, կարող ենք ասել, որ մեր ժողովրդավարությունը ներկա պահին ավելի լավ է աշխատում, քան Միացյալ Նահանգներինը: Ընդամենը 1 շաբաթ առաջ նախագահ Թրամփը, ում նախագահության վերջին մի քանի շաբաթներն ապացուցեցին, որ նա բավականին զգայուն «ես» ունի և տանել չի կարողանում իր վարչակազմի հասցեին ուղղված վիրավորանքները, արգելեց չափազանց կարևոր և հզոր մեդիաների ներկայացուցիչների մասնակցությունը Սպիտակ Տան ճեպազրույցներին: Դա հստակ հաղորդագրություն էր ուղղված բոլոր մարդկանց, որ եթե նրանք վիրավորում են Թրամփին, ապա կարգելափակվեն: Վիրավորեք նախագահ Ալիևին և դուք կազատազրկվեք: Վիրավորեք Էրդողանին և դուք կազատազրկվեք: Փառք Աստծո, մեր վարչակազմը նման փխրուն «ես» չունի, և մենք ազատորեն կարող ենք խոսել, չհամաձայնվել, վիրավորել երգիծորեն գրոհել իշխանավորներին: Դա լավ բան է, խոսքի ազատությունն աշխարհն ավելի լավն է դարձնում՝ եթե կառուցողական է ու թիրախավորված:
Ժողովրդավարությունը գործընթաց է: Այն գոյություն չունի որպես կատարյալ իրավիճակ: Ըստ իր սահմանման, այն չի կարող լինել կատարյալ, չի կարող բոլորի կողմից սիրելի լինել: Ժողովրդավարությունը և խորհրդարանական քաղաքականությունը (ինչպիսին են Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի խորհրդարանական համակարգերը) կրկին կհաղթեն, եթե դու չես քվեարկում և քո թեկնածուն չի հաղթում: Մի ընտրության ընթացքում ձեր կուսակցությունը հաղթում է և դուք ուրախանում եք: Մյուսին ձեր կուսակցությունը մասնակցում է և պարտվում: Դուք կրկին պետք է ուրախ լինեք: Բայց եթե դուք չեք քվեարկում, դուք ուրախ չեք լինի և դուք իրավունք չեք ունենա բողոքելու դրա համար: Դուք կարող եք անտարբեր լինել, իսկ աշխարհը քանդվում է հենց անտարբերների ձեռքերով, որովհետև շատ ավելի լավ է դեմ լինել, պայքարել, հակաճառել ու կռվել քո տեսակետի համար, քան անտարբեր լինել:
Չհաշվարկվող ձայն չկա: Հնարավոր է ձեր անունը չլինի քվեաթերթիկում, սակայն քվեաթերթիկում կլինի առաջխաղացումը, ժողովրդավարությունը, արդարությունը, մեր զինվորների ֆինանսավորումը, մեր վճարելիք հարկերի չափը, ավելի լավ ճանապարհները, բիզնեսի վարման ավելի բարենպաստ պայմանները, լավ դպրոցները, Ռուսաստանի և Եվրամիության հետ մեր հարաբերությունները…
Կան թեկնածուներ, որոնք կպայքարեն այս կարևոր կետերի համար, և թեկնածուներ, որոնք կընտրեն այլ թիրախներ: Բայց ձեր ձայնը լսելի է: Ստիպեք, որ այն լսելի դառնա, անտարբերությունը չարիք է ծնում: Գնացեք ընտրության, դուք որոշիչ ձայն եք մեր երկրում:
Սիրով` ձեր Արիանա
Աղբյուրը՝ «Ճամփորդ»: