Փաշինյանը 413 միլիոն դրամով պարգևատրել է իր աշխատակազմին
168.am-գրել է.
«Նիկոլ Փաշինյանը, որն իրենից առաջ եղած բոլոր իշխանություններին քննադատում էր պետական բյուջեի գումարները մսխելու, իսկ ոմանց էլ՝ ծրարով գումար ստանալու համար, հերթական անգամ շռայլ պարգևատրման է արժանացրել իր աշխատակազմին՝ ծրարով գումար փոխանցելու փոխարեն՝ նույն գործարքը կատարելով անկանխիկ տարբերակով։
168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Կառավարությունից հայտնում են, որ միայն 2023 թվականին Փաշինյանի աշխատակազմի աշխատողները պարգևատրվել են 413 միլիոն 495 հազար դրամով։
Փաշինյանի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչությունից հայտնում են, որ յուրաքանչյուր աշխատող պարգևատրվել է աշխատանքային պարտականությունների կատարման որակի, արդյունքի և կատարողականի գնահատմանը համապատասխան։
Նշենք՝ թեև պարգևատրումների մասին խոսելիս Փաշինյանը հայտարարում է, թե դա իր խոստումն է՝ իր ձևակերպմամբ, հեղափոխական հարթակից հնչեցրած, այդուհանդերձ, պաշտոնյաներին, պետական ծառայողներին պարգևատելու մասին խոստում նա երբեք չի տվել մինչև վարչապետ դառնալը, որովհետև ակնհայտ էր՝ կզրկվեր իր էլեկտորատի ձայներից։
Հենց այդ ձայները ստանալու համար 2018 թվականին՝ իշխանազավթումից առաջ, Հանրապետության հրապարակից Փաշինյանը խոստացել էր ոչ թե պարգևավճարներ շռայլել, այլ` պետական ծառայողների աշխատավարձը բարձրացնել։
«Պետական աշխատողների և ոստիկանների աշխատավարձը կբարձրացվի, որպեսզի նրանք շաբաթ-կիրակի օրերին ստիպված չլինեն բետոն թափել սրա-նրա հայաթներում՝ իրենց ընտանիքը պահելու համար»,- հայտարարել էր նա։
Ստացվում է՝ ինչպես Արցախի, այնպես էլ՝ պոզով-պոչով կոռուպցիայի, թալանի դեմ պայքարելու հարցում Փաշինյանն իր ընտրազանգվածին խոստացել է մի բան, բայց կատարում է լրիվ հակառակը։