Զոհված 29-ամյա ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանը Գեղարքունիքի Վահան գյուղից էր. երկու երեխաների հայր
Մահացու հրազենային վիրավորում ստացած ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանը Գեղարքունիքի մարզի Վահան գյուղից էր, արդեն մի քանի տարի էր ինչ ծառայում էր բանակում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց վարչական շրջանի ղեկավար Արշակ Մկրտչյանը:
«Իմ դասընկերոջ որդին էր, իրենք շատ խելոք, կշռադատված ընտանիք են, հայրը նախկին զինվորական է, մայրը՝ տնային տնտեսուհի: Չեմ պատկերացնում, թե ինչ հանգամանքներում կարող էր դեպքը տեղի ունենալ, ինքը շատ խելացի, արտակարգ խելոք տա էր, մատով ցույց տալու երեխա էր»,- պատմեց Մկրտչյանը՝ նշելով, որ Միքայելը տան միակ որդին էր, մեկ քույր ունի:
Միքայել Դանիելյանը 29 տարեկան էր, ամուսնացած էր, ունի մեկ որդի եւ մեկ դուստր:
Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Այսօր ՊՆ-ն հայտնել էր եւս մեկ սպայի մահվան մասին: ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով: