Անգլիայի առաջնության խաղերի չցուցադրման հետեւանքները
Փաստաբան Գրիգոր Բեքմեզյանը լինելով «Յուքոմ» ընկերության բաժանորդ, դատական հայց է ներկայացրել այդ ընկերության դեմ, պահանջելով կամ մատուցել պատշաճ ծառայություն, կամ վերադարձնել չմատուցված ծառայության դիմաց գանձված գումարները:
Խոսքն Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության խաղերի ժամին ռուսական Матч ТВ, Футбол1, Футбол2, Футбол3 և այլ սպորտային ալիքներ 2016 թվականի օգոստոսից արգելափակելու և բաժանորդներին սպորտային եթերից զրկելու խնդրի մասին է:
ԱՊԼ հեռարձակման բացառիկ իրավունքը 2016-2019 թվականների համար՝ Հայաստանում ձեռք է բերել «Հայկական երկրորդ հեռուստաալիքը» (հ2), որը յուրաքանչյուր տուրից ցուցադրում է երկու խաղ, որոնցից պարտադիր մեկը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» մասնակցությամբ (այդ թիմում է հայ ֆուտբոլային աստղ Հենրիխ Մխիթարյանը): Պրովայդերներն արգելափակում են ԱՊԼ-ի տուրի ոչ միայն հ2-ի ցուցադրած 2, այլև մյուս 8 խաղերը: Մալուխային հեռուստաընկերությունները ԱՊԼ բոլոր խաղերի ժամին անջատում են ռուսական մարզական ալիքների եթերը, չխախտելու համար «Հայկական երկրորդի» հեղինակային իրավունքները:
Սա առաջացրել է երկրպագուների դժգոհությունը: Գրիգոր Բեքմեզյանը որոշել է «Յուքոմ»-ի հետ հարաբերությունները պարզել դատարանում: «Բեքմեզյան իրավաբանական գրասենյակներ» հիմնադրամի տնօրենը դասավանդում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում և հայցի պատրաստմանը ներգրավել է նաև իր ուսանողներին՝ պրակտիկա ձեռք բերելու նպատակով: Դասախոսն ուսանողներին ասել է՝ բողոքելու փոխարեն սովորեք պաշտպանել ձեր իրավունքները: Բեքմեզյանի շահերը դատարանում ներկայացնում են հենց ուսանողները:
Հայցը բաց է, և ցանկացած քաղաքացի կարող է միանալ: Մեկ հոգի արդեն միացել է որպես ինքնուրույն գործող անձ, առանձին պահանջներ չներկայացնելու կարգով:
«Ես տանը և գրասենյակում «Յուքոմ» եմ միացրել, առաջին հերթին որպեսզի դիտեմ ֆուտբոլային խաղերի հեռարձակումները ռուսական ալիքներով: Ավելին, հատուկ բաժանորդագրվել եմ հատուկ փաթեթի, ԱՊԼ խաղերը դիտելու համար: Եվ պայմանագրում նշված չէ, որ Հ2-ի հեղինակային իրավունքի պատճառով՝ դրա հնարավորությունը չեմ ունենալու»,-ասում է Գրիգոր Բեքմեզյանը:
Նա «Յուքոմից» պահանջում է ցուցադրել ԱՊԼ խաղերը, ինչպես նաև փոխհատուցել չմատուցած ծառայության համար, որի դիմաց, ըստ փաստաբանի, անհիմն վճարվել է: Քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ չմատուցված ծառայության դիմաց չի կարող վճարվել: Հետևաբար, ըստ Բեքմեզյանի, նախկինում վճարած գումարները ենթակա են վերադարձման։