Մրցավազք է Ադրբեջանին հարձակման ուղղության ցույց տալու հարցում
Տարօրինակ, անհասկանալի, անհեթեթ իրավիճակ է Հայաստանում: Արցախյան մեծ աղետից ու ողբերգությունից հետո, հատկապես վերջին օրերին ակտիվացել են մամուլի որոշ միջոցներ, քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, որոնք անդադար խոսում են, որ Ադրբեջանը հարձակվելու է Հայաստանի վրա:
Ավելին, ոմանք անգամ կոնկրետ ամսաթվեր եւ ուղղություններ են նշում, ասում, թե եթե այս ուղղությունն էլ չլինի հավանական է նաեւ այս ուղղությունը ու պատճառներ են նշում:
Ոմանք էլ Ադրբեջանի արնախում վարչախմբից ավելի շատ են խոսում Տավուշի, այսպես կոչված ութ գյուղերի մասին, որոնք իրականում գոյություն էլ չունեն, պնդելով, թե...
Այս ամենը մի մեծ եւ անկառավարելի հոգեբուժարան է հիշեցնում: Տպավորություն է, որ ոմանք ընդամենը լրատվամիջոցներում երեւալու եւ հայտնի դառնալու համար ընտրել են այս, մեղմ ասած, անընդունելի ճանապարհը:
Ի՞նչ օգուտ են տալիս հայրենիքին, երկրին եւ ժողովրդին այսպիսի պնդումներ եւ հայտարարությւոններ անելով: Իհարկե, նրանք ասում են, թե բարձրացնում են ժողովրդի զգոնությունը: Բայց այս պնդումն իրականությանը չի համապատասխանում:
Գյուղացին եւ քաղաքացին անդադար լսելով անխուսափելի հարձակման մասին որեւէ օգուտ պաշտպանության ամրապնդմանը չի կարող տալ: Ինչը նա կարող է անել՝ վերցնել իրերն ու ընտանիքին եւ քոչել մեկ այլ երկիր:
Ի՜նչ երանելի վիճակ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար: Հայաստանից արտագաղթի տեմպերը բարձրացնելու համար ոչ թե իրենք, այլ հայ, այսպես կոչված, հայրենասերներն են ջանքեր գործադրում:
Ու ամենահետաքրքիրն այն է, որ կառավարող ուժը հանգիստ է վերաբերում այս խայտառակ վիճակին, ակամա ստիպելով մտածել, որ իրենք եւս շահագրգռված են Հայաստանի հայաթափման մեջ:
Արմեն Կարապետյան
Top-News.am