Երևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը
Երևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը․ ծրագրում առաջին անգամ ընդգրկվել են նաև AI-ով ստեղծված ֆիլմեր: Հունիսի 25-29-ը Երևանում և Գյումրիում կանցկացվի Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը։ Միջազգային կինոմիջոցառումը, որը 2018 թվականին հիմնադրել է կինոռեժիսոր Գուժ Թադևոսյանը, տարիների ընթացքում դարձել է երիտասարդ կինոգործիչների ճանաչման և նոր կինոսերնդի ձևավորման կարևոր հարթակ։
Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 25-ին՝ ժամը 19։00-ին, Կինոյի տան մեծ դահլիճում։ Բացման ֆիլմը կլինի իրանցի ռեժիսոր Սեյեդ Ալի Ղասեմի «Մշուշը վերացել է» ֆիլմը։ Մրցութային ցուցադրությունները կանցկացվեն ինչպես Երևանում, այնպես էլ Գյումրիում, իսկ փառատոնի փակման արարողությունը հունիսի 29-ին տեղի կունենա Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում։
Կազմակերպիչների խոսքով՝ Շիրակի մարզը վեցերորդ մարզն է, որը հյուրընկալում է կինոփառատոնը։ Նրանք ընդգծում են, որ փառատոնի անցկացումը մարզերում կարևոր հնարավորություն է կինոմշակույթն ավելի լայն շրջանակների հասցնելու և մշակութային կյանքի ակտիվացման համար։
Այս տարվա փառատոնն առանձնանում է ևս մեկ կարևոր նորությամբ. առաջին անգամ ծրագրում ընդգրկվել են արհեստական բանականության կիրառմամբ ստեղծված ֆիլմեր։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ սա արտացոլում է համաշխարհային կինոարտադրության նոր միտումները և հնարավորություն է տալիս քննարկելու տեխնոլոգիաների ազդեցությունը ժամանակակից արվեստի վրա։
Փառատոնի մրցութային ծրագիրը ներառում է միջազգային, ազգային և ուսանողական բաժիններ։ Միջազգային ծրագրում ներկայացված են խաղարկային կարճամետրաժ ֆիլմեր, ազգային ծրագրում՝ խաղարկային և վավերագրական կարճամետրաժ ֆիլմեր, իսկ ուսանողական ծրագրում՝ երիտասարդ հեղինակների խաղարկային և վավերագրական աշխատանքներ։
Այս տարի փառատոնը մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային կինոհանրության շրջանում։ Հայտեր են ստացվել աշխարհի 95 երկրներից։ Կազմակերպիչների համոզմամբ՝ այդ օրերին Երևանն ու Գյումրին կվերածվեն միջազգային կինոմշակութային կարևոր կենտրոնների։
Նշվում է նաև, որ նախորդ տարվա համեմատ ազգային հայտերի և ընտրված աշխատանքների թիվն աճել է, ինչը, ըստ կազմակերպիչների, վկայում է տեղական կինոարտադրության ակտիվ զարգացման և երիտասարդ հեղինակների հետաքրքրվածության մասին։
Փառատոնի շրջանակում կանցկացվեն նաև ստեղծագործական հանդիպումներ, վարպետության դասեր, կլոր սեղաններ, ֆիլմերի դիտում-քննարկումներ, շնորհանդեսներ և փորձի փոխանակման հարթակներ, որոնք հնարավորություն կտան կինոգործիչներին, ուսանողներին և ոլորտով հետաքրքրվողներին անմիջական շփում ունենալ միջազգային և հայ մասնագետների հետ։
Փառատոնի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը, որը 9-րդ միջազգային կինոփառատոնի անցկացման համար հատկացրել է 20 միլիոն դրամ։
Top-news.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում