Լոնդոնի թագավորական նվագախմբի գլխավոր դիրիժորը կրկին կհամախմբի երիտասարդ տաղանդներին
2026թ.-ի հունիսի 23-28-ը Երևանում 2-րդ անգամ կանցկացվի տարածաշրջանի համար բացառիկ կրթական իրադարձություն՝ «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան»: 2024թ.-ին հիմնադրված այս նախաձեռնությունը կրկին համախմբում է Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբերի գլխավոր դիրիժորին և երիտասարդ տաղանդներին: Ակադեմիայի կազմակերպիչներն են «Պրիմավերա ֆաունդեյշն» բարեգործական հիմնադրամը (գեղարվեստական խորհրդի նախագահ՝ Վասիլի Պետրենկո) և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան):
Այս նախագիծը ևս մեկ անգամ հաստատում է Հայաստանի կարևոր դերն ու ռազմավարական նշանակությունը համաշխարհային մշակութային քարտեզի վրա: Դառնալով միջազգային կարգի երաժշտական հարթակ՝ Երևանն այսօր դիրքավորվում է որպես արևմտյան և արևելյան կատարողական արվեստի ավանդույթների խաչմերուկ, որտեղ համաշխարհային մեծության վարպետներն ու ապագա աստղերը հանդիպում են ստեղծագործական երկխոսության համար: Նման մասշտաբի ակադեմիայի անցկացումը Հայաստանը ներկայացնում է որպես դասական երաժշտության համաշխարհային կարևորագույն կենտրոններից մեկը, որն ընդունակ է ձևավորելու երաժշտական արվեստի վաղվա օրակարգը:
Այս տարի Ակադեմիայում մասնակցության հայտ են ներկայացրել ավելի քան 60 դիրիժորներ՝ աշխարհի 22 երկրներից, որոնցից խիստ ընտրությամբ հրավիրվել են միայն 6-ը: 2026թ.-ի հունիսի 23-28-ը Ակադեմիան կհյուրընկալի ընտրված մասնակիցներին Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Արգենտինայից, Լեհաստանից և Ռուսաստանից: Նրանք հնարավորություն կունենան անհատական փորձեր անցկացնել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ և կմասնակցեն «Դիրիժորական աշխատանքի գաղտնիքները» խորագրով բացառիկ սեմինարին: Թե՛ փորձերը, թե՛ սեմինարը կվարի անձամբ մաեստրո Պետրենկոն:
Դասընթացները կեզրափակվեն հունիսի 28-ին կայանալիք մեծ գալա-համերգով «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Ակադեմիայի դիրոժորների ղեկավարությամբ կհնչեն Բեթհովենի, Բրամսի, Մոցարտի, Մենդելսոնի, Վեբերի և Պրոկոֆևի գլուխգործոցները: Գալա-համերգի մուտքն ազատ է հանրության համար:
Մաեստրո Պետրենկոն նշում է. «Ինձ համար ակադեմիան հաջորդ սերնդի տաղանդավոր դիրիժորների աճի և հնարավորությունների ընձեռման միջոց է: Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ փաստում է, որ բարձրագույն արվեստը մնում է այն հզոր ուժը, որը միավորում է մարդկանց և կրթում նոր՝ լուսավոր սերունդ»:
Վասիլի Պետրենկոն Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարն է (2021-ից): 15 տարի եղել է Լիվերփուլի թագավորական ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժորը, նաև Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը (2016–2022), Օսլոյի ֆիլհարմոնիկի, Մեծ Բրիտանիայի ազգային երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորը (2013–2020): Ելույթներ է ունեցել Բեռլինի ֆիլհարմոնիկ, Լայպցիգի Գևանդհաուս, Լոնդոնի սիմֆոնիկ, Լոնդոնի ֆիլհարմոնիկ, Սանտա Չեչիլիայի ակադեմիայի, Ֆրանսիայի ազգային նվագախմբերի հետ, ԱՄՆ-ում՝ Բոստոնի, Չիկագոյի, Լոս Անջելեսի Ֆիլհարմոնիկ և այլ նվագախմբերի հետ:
Հանդես է եկել BBC Proms, Էդինբուրգի, Գրաֆենեգգի, Գլայնդեբուրնի փառատոներում: Պետրենկոյի երկացանկում ներառված են շուրջ 30 օպերային ստեղծագործություններ, որոնք նա ղեկավարել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Փարիզի ազգային, Ցյուրիխի, Բավարիայի, Նիդերլանդների ազգային, Միխաիլովյան և այլ օպերային թատրոններում:
Պետրենկոն ավարտել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան, որտեղ դասեր է վերցրել դիրիժորական արվեստի այնպիսի հսկաներից, ինչպիսիք են Իլյա Մուսինը, Մարիս Յանսոնսը և Յուրի Տեմիրկանովը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում