«Չինարենի կամուրջ» ամենամյա միջազգային մրցույթի հայաստանյան փուլն ավարտվեց
Մեկ աշխարհ, մեկ ընտանիք» կարգախոսով անցկացվող «Չինարենի կամուրջ» ամենամյա միջազգային մրցույթի հայաստանյան փուլն ավարտվել է ամփոփիչ հանդիսավոր միջոցառմամբ։ ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպված այս ստուգատեսը միտված է հայ երիտասարդների շրջանում չինարենի ուսուցման խթանմանը և երկկողմ կրթամշակութային կապերի ամրապնդմանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ միջոցառումը խորհրդանշում է հայ-չինական բարեկամությունը:
«Ուրախությամբ պետք է նշեմ, որ վերջին տարիներին Հայաստանի և Չինաստանի միջև կրթամշակութային, գիտական, երիտասարդության ոլորտներում համագործակցության, կապերի զարգացման ու խորացման ուղղությամբ շոշափելի աճ կա՝ ի դեմս Կոնֆուցիոսի ինստիտուտի, Հայ-չինական բարեկամության դպրոցի, Չինաստանի կառավարության տրամադրած կրթաթոշակային ծրագրի, փոխադարձության հիմունքներով կազմակերպվող թարգմանչական ծրագրի և այլն: Եվ այս միջոցառումը ևս մեկ առիթ է ամրապնդելու այդ կապերը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ վերահաստատելով պետության պատրաստակամությունը խորացնելու Հայաստան-Չինաստան հարաբերությունները տարբեր ոլորտներում:
Նա շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին և հաջողություն մաղթել մրցույթի մասնակիցներին՝ նշելով, որ «Չինարենի կամուրջ» (Chinese Bridge) համաշխարհային մրցույթի 2026 թվականի հայաստանյան փուլը խորհրդանշական է, քանի որ համընկնում է մրցույթի հիմնադրման 25-ամյակի հետ:
ՀՀ-ում Չինաստանի դեսպան Լի Սինվեյը ևս ողջունել է ներկաներին՝ շեշտելով, որ օտար լեզուների ուսուցումն աշխարհագրական և մշակութային սահմանները հաղթահարելու, տարբեր երկրների մարդկանց հետ շփվելու և բարեկամություն հաստատելու ամենահարմար միջոցն է, և չինարենն այն կամուրջն է, որը տանում է դեպի մեծ աշխարհ: Կարևորելով հայոց լեզվի դերն ազգային ինքնության պահպանման գործում՝ դեսպանն ընդգծել է՝ հայերենի շնորհիվ հայկական քաղաքակրթությունը զարգացել է հազարամյակներ շարունակ՝ չնայած բազմաթիվ մարտահրավերներին:
«Ես հատկապես հպարտ եմ ձեզնով. դուք արդեն իսկ տիրապետում եք աշխարհի ամենաբարդ լեզուներից երկուսին՝ հայերենին և չինարենին: Ես հույս ունեմ, որ դուք կդառնաք այն մարդիկ, որոնք կնպաստեն Չինաստան-Հայաստան բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու հայկական մշակույթի տարածմանն ամբողջ աշխարհում»,- դիմելով մրցույթի մասնակիցներին՝ ասել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպան դեսպան Լի Սինվեյը։
«Չինարենի կամուրջ» համաշխարհային մրցույթի հայաստանյան փուլին մասնակցում են ուսանողներ և դպրոցականներ՝ ըստ տարիքային խմբերի: Մրցույթը ներառում է չինարենի գիտելիքի ստուգում, ելույթ/ներկայացում, մշակութային ցուցադրություն: Միջոցառումը Հայաստանում անցկացվում է 2013 թվականից: Այն անցկացվում է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիուսի անվան կենտրոնի համակարգմամբ:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում