Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը նշում է 55-ամյակը
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» և ՀՀ մշակույթի նախարարության մեդալակիր, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանն մայիսի 6-ին նշում է ծննդյան 55-ամյակը:
Էդուարդ Թոփչյանը ծնվել է 1971 թվականին Երևանում: Նա ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ որպես ջութակահար: Կոնսերվատորիայում դիրիժորության դասեր է առել Օհան Դուրյանից, հետագայում արժեքավոր խորհրդատվական դասեր ստացել սըր Գեորգ Շոլթիից, Կլաուդիո Աբբադոյից և Նելլո Սանտիից:
1991 թվականին ստեղծել է «Սերենադ» կամերային նվագախումբը, որը բարձր հեղինակություն է ձեռք բերել Եվրոպայում. այն արժանացել է մի շարք միջազգային մրցանակների, տարբեր լեյբլների հետ թողարկել է ձայնասկավառակներ և հանդես եկել Եվրոպայում շուրջ 700 համերգներով:
2000 թվականից առ այսօր Էդուարդ Թոփչյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է: Նրա ղեկավարության ավելի քան 25 տարվա ընթացքում նվագախումբն է՛լ ավելի է բարձրացրել իր կատարողական մակարդակը՝ հյուրախաղերով հանդես գալով Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, Հարավային Ամերիկայում, Կանադայում, Ճապոնիայում, Չինաստանում, Ռուսաստանում:
Սիմֆոնիկ հարուստ երկացանկից բացի՝ Թոփչյանը ղեկավարել է Վերդիի «Աիդա», «Օթելլո», «Սիմոն Բոկկանեգրա», «Ռիգոլետտո», «Պարահանդես-դիմակահանդես», «Լուիզա Միլլեր», Պուչինիի «Տուրանդոտ», «Մադամ Բաթերֆլայ», «Տոսկա», «Թիկնոցը», Լեոնկավալլոյի «Պայացներ», Ռոսինիի «Սևիլյան սափրիչը», Մոցարտի «Դոն Ժուան», «Կախարդական սրինգը», Չայկովսկու «Պիկ թագուհի», «Եվգենի Օնեգին» օպերաներն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
Էդուարդ Թոփչյանը համագործակցել է աշխարհահռչակ բազմաթիվ մենակատարների հետ, կազմակերպել և մասնակցել է հեղինակավոր միջազգային փառատոների: Համերգներով հանդես է եկել Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ասիայի տարբեր նվագախմբերի հետ, ինչպիսիք են Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Քյոլնի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Շտուտգարտի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը, Staatsphilharmonie Rheinland-Pfalz-ը, Սիենայի փառատոնի նվագախումբը, Kärntner Sinfonieorchester-ը, Պորտլենդի սիմֆոնիկ նվագախումբը, Շենժենի սիմֆոնիկ նվագախումբը, Ցինդաոյի սիմֆոնիկ նվագախումբը, Սվետլանովայի անվան Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Նա ղեկավարել է օպերային ներկայացումներ Ֆրանկֆուրտի օպերային թատրոնում, Մոնտե-Կարլոյի օպերային թատրոնում, Մոսկվայի Բոլշոյ օպերային թատրոնում և այլն:
2007 թվականին արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման, իսկ 2011 թվականին՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2013 թվականին Իտալիայի նախագահի կողմից պարգևատրվել է Ասպետի շքանշանով «Աշխատանքային վաստակի համար» (Ordine al “Merito del Lavoro”):
Այս օրերին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հյուրախաղերի է մեկնել Եվրոպա՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։ Շրջագայության ընթացքում նվագախումբը հանդես կգա 14 համերգով Եվրոպայի 5 երկրում: Հյուրախաղերի մեկնարկն արդեն իսկ նշանավորվել է մեծ հաջողությամբ Իտալիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի լավագույն համերգասրահներում. առջևում են Գերմանիայում և Իսպանիայում կայանալիք համերգները:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում