Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Ապրիլի 21-ը ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի (Վոլոդյա Մարգարյան) ծննդյան օրն է․ այդ առիթով «Վալմար» արվեստի սրահում բացվել է անվանի նկարչի «Աշնանային բնապատկերների շարք» խորագրով ցուցահանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ժաննա Անդրեասյանը ջերմորեն շնորհավորել է Վալմարին ծննդյան օրվա կապակցությամբ, նրան մաղթել քաջառողջություն, երկար տարիների կյանք և ստեղծագործական բեղուն գործունեություն:
«Արդեն ավանդույթ է ձևավորվում ամեն տարի ապրիլի 21-ին ներկա լինել Ձեր նոր ցուցադրության բացմանը․ Ձեր ծննդյան օրը մեզ նվեր եք մատուցում՝ նոր ցուցադրությամբ ներկայացնելով նախորդ տարվա աշխատանքը: Ուզում եմ սիրով շնորհավորել նաև ցուցադրության առիթով և մաղթել, որպեսզի Ձեր էներգիան և նոր գործեր ստեղծելու եռանդն անսպառ լինեն։ Շնորհավորում եմ նաև բոլորիս, որ ամեն տարի առիթ ունենք վայելելու Ձեր ստեղծագործությունները»,- նշել է նախարարը և շնորհակալություն հայտնել անվանի նկարչին ցուցահանդեսի համար:
ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և գնահատանքի համար՝ նշելով. «Այսօր ներկայացնում եմ անցյալ մեկ տարվա աշնանային թեմայով ստեղծագործություններս: Ինքս եմ պահանջում իմ ներքնաշխարհից՝ ներկայացնել, թե ինչ եմ արել մեկ տարվա ընթացքում: Ստեղծագործելիս միշտ լսում եմ ներքին ձայնս և փորձում ապրած զգացողություններս հաղորդել ստեղծագործություններիս»:
Ժաննա Անդրեասյանը Վալմարի ուղեկցությամբ շրջել է ցուցասրահում, ծանոթացել նկարչի ստեղծագործություններին՝ աշնանային նկարաշարին, զրուցել արվեստագետի առաջիկա ստեղծագործական ծրագրերի մասին: Ցուցադրությանը ներկայացված է Վալմարի 2024-2025 թվականներին ստեղծված Հայաստանի աշնանային բնապատկերների նկարաշարը: Վարպետը պատկերել է հայաստանյան բնապատկերները՝ վաղ աշնանից մինչ ուշ աշուն, և նկարաշարն ամփոփել այս տարվա հունվարին ստեղծած Ծաղկաձորի ձմեռային պատկերով:
Նկարչի բուռն ստեղծագործական գործունեությունը պսակվել է ավելի քան 58 անհատական ցուցահանդեսներով Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, եվրոպական երկրներում, Մերձավոր և Հեռավոր Արևելքում։ Նկարիչը նաև 140 խմբային ցուցահանդեսի է մասնակցել աշխարհի տարբեր երկրներում:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում