Հայ-վրացական երիտասարդական ճամբարին մասնակցում են ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու մի խումբ հայ երիտասարդներ
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-28-ը Վրաստանի Հանրապետության Կախեթի շրջանի Թելավի քաղաքում մասնակցում է հայ-վրացական երիտասարդական ճամբարին։ Հայաստանից ճամբարին մասնակցում են ներկայացուցիչներ ակտիվ երիտասարդական շրջանակներից, ՀՀ բուհերի ուսանողներ, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության ստեղծած և ՀՀ մարզերում գործող երիտասարդական կենտրոններ հաճախող 30 ակտիվ երիտասարդներ: Բացման միջոցառմանը ներկա է եղել նաև Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Զվիադ Գաբիսոնիան:
Ճամբարի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի երիտասարդների մասնակցությամբ երիտասարդական համաժողով, որի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նա կարևորել է նմանօրինակ նախաձեռնությունների անցկացումը՝ նշելով, որ այն հարթակ է երկու երկրների համագործակցության խորացման, ինչպես նաև երիտասարդների միջև ուղիղ շփումների, փորձի փոխանակման և փոխըմբռնման ամրապնդման համար։ Կարևորելով Հայաստան-Վրաստան պատմական բարեկամական կապերը՝ նա ընդգծել է անկախությունից հետո երկկողմ շփումների զարգացումն ու համագործակցության խորացումը՝ բազմակողմ ծրագրերի կյանքի կոչմամբ:
«Մենք կարևորում ենք միջազգային համագործակցության ընդլայնումն ու խորացումը՝ որպես երիտասարդական քաղաքականության արդյունավետ իրականացման կարևոր բաղադրիչ։ Այս առումով առանձնահատուկ տեղ է զբաղեցնում համագործակցությունը մեր բարեկամ և հարևան Վրաստանի հետ։ Վերջին տարիներին մեր երկրների միջև երիտասարդական համագործակցության կայուն և դինամիկ զարգացում է արձանագրվել։ Մասնավորապես՝ ձևավորվել է արդյունավետ համագործակցության ավանդույթ՝ կազմակերպելու Հայաստանի և Վրաստանի երիտասարդների մասնակցությամբ երիտասարդական միջոցառումներ։ Դրանք կարևոր հարթակ են փորձի փոխանակման, նոր գաղափարների ձևավորման, միջանձնային կապերի և մեր ժողովուրդների միջև փոխվստահությունն ամրապնդելու առումով, որոնք նպաստում են նաև տարածաշրջանային համագործակցության խորացմանը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը։
Հայաստան-Վրաստան համագործակցության շրջանակում նա կարևորել է կրթական տարբեր մակարդակներում փոխգործակցությունը՝ անդրադառնալով Թբիլիսիի պետական համալսարանում գործող հայագիտական կենտրոնի գործունեությանը, Հայաստանի և Վրաստանի բուհերում փոխադարձաբար հատկացվող կրթաթոշակային տեղերին: Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ հանրակրթական դպրոցներում ներդրված տարածաշրջանային լեզուների ուսուցման ծրագիրը, որում ներառված է նաև վրացերենի ուսուցումը: Նա շեշտել է նաև Վրաստանի հայկական դպրոցներում հայերենի արդյունավետ ուսուցման կարևորությունը:
Եզրափակելով խոսքը՝ Մարտիրոսյանը դիմել է երիտասարդներին՝ ընդգծելով, որ նրանց ակտիվ մասնակցությունը, գաղափարներն ու նախաձեռնությունները կարևոր դեր ունեն հասարակությունների ապագայի կերտման գործում. «Համոզված եմ, որ այս ֆորումը կդառնա արդյունավետ երկխոսության և նոր համագործակցությունների սկիզբ: Ուրախ եմ, որ նման նախաձեռնություններն ունեն շարունակական բնույթ և դարձել են ամենամյա; Վստահ եմ, որ դրանք կընդլայնվեն՝ ընդգրկելով նոր թեմատիկ ուղղություններ և համագործակցության նոր ձևաչափեր»:
Նա Վրաստանի երիտասարդներին հրավիրել է 2027 թ. երիտասարդական մայրաքաղաք Ստեփանավան, որտեղ անցկացվելու է հաջորդ համատեղ երիտասարդական ֆորումը:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Զվիադ Գաբիսոնիան։ Նա առանձնակի կարևորել է հայ և վրացի երիտասարդների փոխադարձ շփումները՝ հույս հայտնելով, որ մասնակիցների համար ճամբարը կլինի ոչ միայն հաճելի, այլև արդյունավետ ժամանց:
Հանդիպման շրջանակում գործընկեր նախարարի տեղակալները պատասխանել են համաժողովին մասնակցող երիտասարդների հարցերին:
Հաջորդիվ տեղի են ունեցել քննարկումներ, որոնց մասնակցել է ԿԳՄՍ նախարարության երիտասարդական հարցերի վարչության պետի տեղակալ Արմենուհի Պետրոսյանը: Նա ներկայացրել է ՀՀ երիտասարդական քաղաքականության զարգացումները, Հայաստանի փորձը երիտասարդության ոլորտում, անդրադարձել 2025 թվականին ոլորտային օրենքի ընդունումից հետո Հայաստանի երիտասարդական քաղաքականության հիմնական ուղղություններին։ «Հայաստանում երիտասարդությունը դիտարկվում է որպես երկրի զարգացման ռազմավարական ռեսուրս։ Պետական քաղաքականության առանցքում են երիտասարդների ներուժի բացահայտումը, նրանց մասնակցության խթանումը և ինքնաիրացման հնարավորությունների ստեղծումը։ Վերջին տարիներին երիտասարդական քաղաքականությունն աստիճանաբար անցում է կատարել ծրագրային մոտեցումից դեպի ավելի համակարգային և ինստիտուցիոնալ զարգացման փուլ։ 2025 թվականը կարելի է վստահորեն համարել բեկումային Հայաստանի երիտասարդական քաղաքականության համար»,- նշել է նախարարության ներկայացուցիչը և անդրադարձել արդեն ընդունված «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի սահմանած հիմնական սկզբունքներին, նպատակներին և դերակատարների շրջանակին։
Քննարկման ընթացքում ընդգծվել է՝ Հայաստանում մեծ ուշադրություն է դարձվում երիտասարդական աշխատանքին՝ որպես երիտասարդների հետ ոչ ֆորմալ կրթության և զարգացման կարևոր գործիք։
«Հայաստանի պետական քաղաքականության կարևոր ուղղություններից է երիտասարդական միջավայրերի ձևավորումը։ Խոսքը վերաբերում է այնպիսի անվտանգ և զարգացնող տարածքների ստեղծմանը, որտեղ երիտասարդները կարող են սովորել նոր հմտություններ, իրականացնել նախաձեռնություններ, շփվել և համագործակցել։ Հայաստանի երիտասարդական քաղաքականության կարևոր ուղղություններից է նաև միջազգային համագործակցության զարգացումը։ Այս համատեքստում առանձնահատուկ կարևորություն ունի համագործակցությունը Վրաստանի հետ»,- ասել է Արմենուհի Պետրոսյանը:
Հայ-վրացական երիտասարդական ճամբարի նպատակն է խթանել Հայաստանի և Վրաստանի երիտասարդների համագործակցությունը, ամրապնդել բարեկամական հարաբերությունները և հիմք ստեղծել ապագա համատեղ ծրագրերի համար: Ճամբարի շրջանակում երիտասարդները կձևավորեն միջմշակութային կապեր, կներկայացնեն իրենց մշակութային առանձնահատկությունները, կծանոթանան երկու երկրների պատմությանը և մշակույթին, ինչպես նաև կմասնակցեն սպորտային, ինտելեկտուալ և ժամանցային մի շարք միջոցառումների։
Վրաստան կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի մշակույթի նախարար Գեորգի Միրցխուլավայի հետ, որի ընթացքում քննարկվել են առաջիկայում Հայաստանում կազմակերպվելիք Աջարիայի մշակույթի օրեր, ինչպես նաև ամռանը Վրաստանում անցկացվելիք Հայաստանի մշակույթի օրեր միջոցառումների նախապատրասական աշխատանքներին վերաբերող հարցեր:
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Զվիադ Գաբիսոնիայի հետ երկկողմ աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվել են կրթության, գիտության և երիտասարդության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում