«Սասնա ծռեր»-ի անդամներին ծեծի ենթարկելու ահազանգերով ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են ՔԿՀ
«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի փաստաբանը` Մուշեղ Շուշանյանը, քիչ առաջ է դուրս եկել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից, որտեղ Կյուրեղյանը պատմել է, որ դատարանում ոստիկաններին իրեն այսօր ծեծի են ենթարկել:
Շուշանյանը պատմեց, որ տեսել է կապտուկներ իր պաշտպանյալի դեմքին: Այդ վնասվածքները, ըստ փաստաբանի, արձանագրել է նաև քրեակատարողական հիմնարկի բժիշկը:
«Միայնակ գայլ» մականունով հայտնի, «Սասնա ծռերից» Արայիկ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը «Ազատությանը» փոխանցեց, որ դատարանի նկուղում իր պաշտպանյալը ևս ծեծի է ենթարկվել: Խանդոյանին «Նուբարաշեն» քկհ-ում այցելելուց հետո փատաբանն «Ազատությանը» պատմեց, որ իր պաշտպանյալը կապտուկներ ուներ գլխին, ոտքերին և երիկամների շրջանում: Փաստաբանի հետ զրույցում Խանդոյանը պնդել է, որ ոստիկանները դատարանի նկուղում իրենից բացի ծեծի են ենթարկել Արեգ Կյուրեղյանին, Գագիկ Եղիազարյանին և Մխիթար Ավետիսյանին:
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստի ժամանակ քաշքշուկ էր տեղի ունեցել, երբ Արեգ Կյուրեղյանը փորձել էր գրություն հանձնել իր պաշտպան Արա Ղարագյոզյանին, որից հետո ոստիկանները դատարանի դահլիճից ուժով հեռացրել էին «Սասնա ծռերի» անդամներ Արեգ Կյուրեղյանին, Սմբատ Բարսեղյանին և Մխիթար Ավետիսյանին։
Մարդ իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդում է, որ Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են հաղորդումներ «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Մխիթար Ավետիսյանի, Սմբատ Բարսեղյանի և Գագիկ Եղիազարյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ:
Պաշտպանի աշխատակազմը նշում է, որ այս մասին հրապարակային հայտարարություններ են եղել նաև նրանց փաստաբանների կողմից:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման շրջանակներում գիշերվանից մինչ այժմ այցեր են իրականացնում քրեակատարողական հիմնարկներ, որտեղ գտնվում են նշված անձինք, ասված է հաղորդագրությունում: