«Վրեժխնդրություն լինելու է». Արայիկ Խանդոյանի խոշտանգման մասին հայտարարություն
«Սասնա Ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի խոշտանգման մասին աջակիցները հայտարարություն են տարածել:
Հայտարարության մեջ ասվում է. «Հունիսի 28-ին քաղբանտարկյալ Արայիկ Խանդոյանը Հայաստանի Հանրապետության ժողովրդի իշխանությունը զավթած վարչախմբի շահերը սպասարկող ոստիկանության կողմից ենթարկվել է խոշտանգման և ծեծի: Նրան հասցվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ:
Արայիկ Խանդոյանի նկատմամբ անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի փորձերը վերջին 11 ամիսների ընթացքում կրել են շարունակական բնույթ, իսկ վերջին օրերին դրանք կրել են սանձարձակ բնույթ:
Երբ 2016 թ. օգոստոսի 1-ին Հայաստանի նախագահի պաշտոնը ժողովրդի կամքին հակառակ զբաղեցնող անձը հայտարարեց, որ «անձնական վրեժխնդրության բոլոր փորձերը կասեցվելու են օրենքի ուժով», մոռացել էր նշել, որ ինքն ու իր անձնական շահերը սպասարկող կամակատարներն օրենքից դուրս են, իսկ օրենքից դուրս գտնվող անձը ղեկավարվում է բացառապես անձնական վրեժխնդրությամբ:
Արայիկ Խանդոյանն այդ վրեժխնդրության ֆիզիկական զոհն է: Ռեժիմը չի հասկանում, որ Ծուռ Արայիկի տեսակը չգիտի՝ ինչ է ֆիզիկական կամ մարմնական ցավը, ռեժիմը չի հասկանում, որ նրան բանտարկելը նոր ուժ է տվել նրա անկոտրում ոգուն:
Արայիկ Խանդոյանին մարտահրավեր նետել են մարտի դաշտում՝ թուրքն ու ազերին, նա ընդունել է դա և տվել մահացու պատասխան:
Միայնակ Գայլը ընդունում է նաև ազգադավ ռեժիմի մարտահրավերը. Հայտարարում ենք՝ պատասխանը լինելու է նույնը՝ Արայիկն այլ կերպ չի կարող, կստանաք թուրքին ու ազերուն համարժեք պատասխան: Դա միակ և արդարացի պատասխանն է, որն անհրաժեշտ է Հայաստանին ու հայ ժողովրդին, և այդ պատասխանը շատ չի ուշանա:
Հակահարվածը կլինի արդարացի, ռեժիմի համար խիստ ցավալի, քանզի բանդան ոգի չունի և բարոյական օրենքներից զուրկ է:
Հայտարարում ենք նաև, որ վրեժխնդրություն լինելու է, քանզի որևէ բռնակալ ու նրան սպասարկող բանդա չի խուսափել ժողովրդական վրեժխնդրությունից:
Մարտահրավերն ընդունված է՛
«Ով քնած է` արթուն կացեք,
Ով արթուն է` ձիեր թամբեք,
Ով թամբել է զենք կապեցեք,
ով կապել է` ելեք, հեծեք,
Հետո չասեք թե մենք քնած ԳԱՅԼԸ գող-գող եկավ-գնաց...»
Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» գործով դատական նիստին հունիսի 28-ին, բախում էր տեղի ունեցել ամբաստանյալների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանները բռնի ուժով հեռացրել էին ամբաստանյալներ Արեգ Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին եւ Սմբատ Բարսեղյանին: Այս ամենը տեսնելով՝ դահլիճում գտնվող հարազատները սկսել էին գոռգոռալ եւ հարվածել ապակիներին: Կարգադրիչները հեռացրել էին հարազատներից մի մասին: Պաշտպանները ավելի ուշ ահազանգել են, որ իրենց պաշտպանյալներին դատարանի նկուղում ծեծի են ենթարկել: