Եւ կրկին սպառնում են պառկեցնել ասֆալտին, ծեփել պատերին
Ոչ մի նշանակություն չունի, թե ինչ համատեքստում կամ իրավիճակում են սպառնում ՀՀ քաղաքացուն պառկեցնել ասֆալտին, միեւնույնն է նման սպառնալիքը, այն էլ երկրի առաջին դեմքի կողմից սփռում է բացասական լիցքեր՝ դրանից բխող բոլոր ծանր հետեւանքներով:
Այն երկրում, որտեղ անդադար կամ պարբերաբար երկրի առաջին դեմքը սպառնում է քաղաքացուն փռել ասֆալտին այս կամ այն պատճառով, չի կարող լինել առաջընթաց, չի կարող լինել համերաշխության եւ զարգացման մթնոլորտ, չեն կարող լինել ներդրումներ:
Գտեք մի գործարարի, որը կհամաձայնի ներդրում անել մի երկրում, որտեղ վարչապետը հաճախ սպառնում է փռել ասֆալտին: Չեք գտնի: Ի վերջո կգտնվի մի պատգամավոր, որը հաստատ կդիմի համապատասխան մարմիններին, նշելով, թե ինձ միջնորդավորված ձեւով սպառնացել են:
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե քրեական ենթամշակույթը եւ կոռուպցիան պետք է իսպառ վերացվեն Հայաստանից, բայց նույն պահին սպառնում է փռել ասֆալտին: Իսկ մի՞թե նման սպառնալիքը քրեական ենթամշակույթի տարրեր չի պարունակում: Իհարկե՝ պարունակում է:
Վարչապետը սպառնում է փռել ասֆալտին, ծեփել պատերին: Հավատացեք, դրանից տգեղ երեւույթ, հազիվ թե, գտնեք: Ընդ որում, կապ չունի, թե ում է սպառնում: Եւ եթե իրոք կա մեկը, որը թալանել է Գյումրիի կեսը, ապա ինչո՞ւ նա դրա համար պատասխանատվություն չի կրում, իսկ եթե չի թալանել, ապա ո՞վ է ինչ-որ մեկին իրավունք տվել մարդուն հրապարակային ծանր մեղադրանք ներկայացնել:
Տհաճ, շատ տհաճ է լսել, երբ երկրի թիվ մեկ պաշտոնյան սպառնում է պատին ծեփելով, ասֆալտին փռելով: Մի՞թե նրա թիմակիցներից եւ ոչ մեկը կամ հենց գլխավոր դատախազը կամ արդարադատության նախարարը կամ ոստիկանապետը չեն բացատրում, որ օրենքով որեւէ մեկին թույլ չի տրված անգամ հանցագործին ծեփել պատին, փռել ասֆալտին, եթե այդ գործողությամբ չի կանխվում կոնկրետ հանցանքի իրականացումը:
Ինչ վերաբերում է հանցանքի մասին ոստիկաններին չհայտնող դպրացականներին, ապա խնդիրը ոչ թե քրեական ենթամշակույթում է թաքնված, այլ ոստիկանների գործելաոճում: Բոլորին է հայտնի, որ հանցանքի մասին հայտնողը այնքան է հարցաքննվում, այնքան է տարվում-բերվում, որ փոշմանում է իր արածի համար:
Կյանքից չպետք է կտրվել, չի կարելի սպառնալ եւ ակնկալել զարգացում: Չի կարելի սպառնալով եւ ահաբեկելով քրեական ենթամշակույթ վերացնել: Ընդամենը պետք է կոնկրետ եւ համակարգված քայլեր իրականացնել: Ընդ որում, առանց աղմուկ-աղաղակի:
Վարդան Մխիթարյան
Top-News.am