Գյումրեցին մտնում է խանութ եւ դատարկ դուրս գալիս. հետընտրական գնաճ
Այս թեմայով
Պարենային շուկայում նկատվում է նոր գնաճ, որը հաջորդեց խորհրդարանական ընտրություններին:
Գյումրիում ակնհայտորեն աճել է սուրճի եւ շաքարավազի գինը: Այսպես, եթե շաքարավազը 4-5 օր առաջ վաճառվում էր կիլոգրամը 410-420 դրամով, ապա այն արդեն վաճառվում է 430-440 դրամով:
Թանկացել է նաեւ ծխախոտը՝ միջինը 20-50 դրամով: Տեղական ծխախոտի գինը բարձրացել է 7-8 օր առաջ: Տեղական ծխախոտը 5-6 տոկոսով է թանկացել, որին հաջորդել է նաեւ արտասահմանյան որոշ տեսակի ծխախոտի գների բարձրացում՝ միջինը 8-9 տոկոսով:
Մսամթերքը թանկացել է 80-120 դրամով կամ մոտ չորս տոկոսով: Գյումրեցին, որն առանց այդ էլ քիչ էր միս ուտում, հիմա ավելի քիչ կուտի եւ սա շնորհիվ ՀՀԿ-ի վարած պանծալի քաղաքականության:
Խմիչքի որոշ տեսակների գներն աճել են 20-50 դրամով: Ալյուրը, բուսայուղը, շոկոլադը չեն թանկացել կամ դեռ չեն թանկացել: Միայն «Մարս» ապրանքանիշի շոկոլադե սալիկների գինն է անցած մեկ շաբաթվա ընթացքում բարձրացել 10 դրամով:
Խանութների սեփականատերերից եւ վաճառողներից հետաքրքրվեցինք, թե գյումրեցիները ինչպե՞ս են արձագանքում բարձր գներին եւ արդյո՞ք գնաճով պայմանավորված սկսել են քիչ սպառել առաջին անհրաժեշտության ապրանքատեսակները:
«Դժգոհում են, որ տեսնում են բարձր գներ է դրված, բայց մենք ինչ անենք՝ մեզ էլ են թանկ գնով տալիս: 4-5 օր է սկսել են քիչ ապրանքներ գնել: Եթե պիսոկը էժան էր մի շաբաթ առաջ գնում էին 2-3 կիլոյով, հիմա 1 կամ կես կիլո են տանում»,- նշում է Գյումրու մեծ խանութներից մեկի տնօրենը, որտեղ ակտիվ առեւտուր է իրականացվում:
«Մեզ մոտ երշիկեղենն են թանկ բերել: Առաջ լավ չէր վաճառվում, քիչ էին առնում մարդիկ, հիմա էլ ավելի քիչ կառնեն»,- նշում է մեկ այլ խանութի վաճառողուհի:
5-10 տոկոսով թանկացել են դեղերը եւ սա նույնպես անհանգստացնում է գյումրեցիներին, որոնց մի մասն այդպես էլ չի հասկանում, որ գնաճի պատճառն այն է, որ իրենք անհամբեր սպասում էին, թե երբ են ընտրակաշառք բաժանելու:
Իհարկե, առողջ բանականության տեր գյումրեցիները վստահ են, որ գնաճը պայմանավորված է ընտրությունների արդյունքներով: Տվել են տասը հազար դրամ ընտրակաշառք, շուտով ետ կստանան քսան հազար:
Դավիթ Գասպարյան
Գյումրի