Ցտեսություն, թախիծ ( մաս 4-րդ )
Այս թեմայով
- Պետության դերը երկրորդելը, մի կողմ քաշվելը կբերի հանրային կյանքի լարվածության և կազմալուծման
- Մտածում է, որ արտերկրի հայերը պարապ փող են ստանում իր յալանչի արբանյակների նման
- Վահագն Հայրապետյանի վրիպումը. Չկա առաջվա կլասիկան
- Գործող իշխանությունների նախնական դիագնոզ. կեղծ այլասիրական, իրականում ինֆանտիլ-հեդոնիստական
Հարցնում են տղամարդկանց և կանանց դեպրեսիվ հոգեվիճակների տարբերության մասին: Փորձենք շատ համառոտ ուրվագծել այդ տարբերությունները :
1. Կանանց մոտ դեպրեսիան սովորաբար ընթանում է աղմուկով - լացով, հեկեկոցով, բուռն, արտաքուստ տեսանելի, երբեմն - հուզականորեն գունագեղ, արցունքաշատ ( հատկապես նևրոտիկ կամ ,,թաց,, դեպրեսիան ):
Տղամարդկանց մոտ ավելի հաճախ ընթանում է անաղմուկ, առանց լացի, հոգոցի և հառաչանքի, զգայացունց տեսարանների, աննկատ - ոտքի վրա: Դեպրեսիվ նևրոզի ժամանակ տղամարդիկ հաճախ լաց չեն լինում, բայց դառնում են ջղային, դյուրաբորբոք, կոպիտ, կռվազան : Մեղմ և հավասարակշիռ մարդը մեկ էլ դառնում է չնչին առիթից շուտ բռնկվող, նեղացկոտ, լարված, մտասույզ: Կոպտում է ընտանիքի անդամներին, անհարկի նախատում երեխաներին և այլն : Մտերիմները չեն հասկանում նրա հոգեվիճակի փոփոխության պատճառը, սկսում են հանդիմանել, որից տղամարդու դեպրեսիան ավելի է խորանում, ուժեղանում է մեղքի զգացումը:
2. Կանայք ավելի շուտ են զգում և հասկանում, որ տառապում են դեպրեսիայով :
Տղամարդիկ այն համարում են ,,անլուրջ,, , ,,անցողիկ,,, ,,սովորական մի բան,, , որ նույնիսկ ,,ամոթ է այդ մասին խոսելը,, :
3. Կանանց մոտ նևրոտիկ դեպրեսիան ավելի հաճախ առաջացնում է քաղցի զգացման ուժեղացում (բուլեմիա ), շատակերություն, ճարպակալում :
Տղամարդկանց մոտ, ընդհակառակը, ախորժակը փակվում է, սկսում են շատ ծխել, խմել, չուտել, հյուծվել:
4. Կանանց մոտ դեպրեսիվ հոգեվիճակը ախտորոշվում է վաղ շրջանում - դեռևս հոգեբանական տվայտանքի և ապրումների փուլում :
Տղամարդկանց մոտ - շատ ավելի ուշ ( հաճախ - տարիներ անց), երբ արդեն ի հայտ են եկել հոգեմարմնական բալանսի խանգարումներ և այլազան բարդություններ (սեռական ֆունկցիայի դժվարություններ, շաքարախտ, խոցային հիվանդություն, ալկոհոլից և թմրանյութերից կախվածություն և այլն ):
5. Կանայք դեպրեսիայի բուժման համար հոգեթերապևտին, հոգեբույժին և հոգեբանին դիմում են իրենց նախաձեռնությամբ և կամքով:
Տղամարդիկ, հազվադեպ են դիմում, այն էլ , հիմնականում, հարազատների կամ ընկերների հորդորով, երբեմն էլ - պարտադրանքով :
6. Կանայք դեպրեսիայի բուժման և հոգեբանական հաղթահարման ընթացքում հանդես են բերում համբերություն, կարգապահություն և հետևողականություն:
Տղամարդիկ վերաբերվում են ավելի անփույթ, լինում անհետևողական և անհամբեր :
7. Կանայք դեպրեսիայի խնդրին մոտենում են հանգիստ և իրատեսորեն:
Տղամարդիկ դեպրեսիվ նևրոզի ախտորոշումը համարում են ,,նվաստացուցիչ,, , ,,ինքնասիրությունը վիրավորող,, և ավելի են ներքաշվում սեփական խեցու մեջ :
Մի հին մանկական պատմվածք կար - ,,Այոն և Ոչը,,: ,,Այոն մի շեկլիկ աղջիկ էր, իսկ Ոչը - մի թխլիկ տղա,, ... Այս օրինաչափությունը շատ է սազում դեպրեսիա ունեցող կնոջ և տղամարդու հոգեբանությանը , որովհետև հոգեկան ընկճվածության ժամանակ կինը դառնում է մի փոքրիկ անպաշտպան աղջիկ, իսկ տղամարդը - անկարգ, չար տղա: Իհարկե այս երևույթները վերաբերում են, այսպես ասած, վիճակագրական միջինին, որովհետև կարող են հանդիպել նաև բացառություններ . կարգապահ, հանդարտ տղաներ և անզուսպ, անհնազանդ աղջիկներ:
( Շարունակությունը - հաջորդիվ )