Վրաստանի նախագահի թեկնածու Վաշաձեն Անգելա Մերկելի հետ քննարկել է նախագահական ընտրություններին առնչվող հարցեր
Վրաստանի նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն Հելսինկիում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարի շրջանակում կայացած հանդիպման կադրերը ցուցադրել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Հանդիպումից հետո նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը ներկայացնող Վաշաձեն հայտնել է հեռուստաընկերությանը, որ իրենք խոսել են Վրաստանում հոկտեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի մասին:
«Մենք խոսել ենք պայմանների մասին, որոնցում անցկացվել է ընտրությունների առաջին փուլը, ընտրությունների ընթացքի մասին, ինչպես նաև սպասվող երկրորդ փուլի մասին»,- ասել է երկրորդ փուլ անցած նախագահի թեկնածուն:
«Ռուսթավի 2»-ը նաև հայտնել է, որ համագումարի շրջանակում Վաշաձեն ու Նիդեռլանդներից Հելսինկի ժամանած Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հանդիպել են Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ, որի ժամանակ կրկին քննարկվել է հոկտեմբերի 28-ին կայացած ընտրությունների առաջին փուլին և սպասվող երկրորդ փուլին վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ Վրաստանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքում նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցում է երկրում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, հավաքել է 50%-ից պակաս ձայն՝ 38,64%: Ընդդիմությունից թեկնածու Գրիգոլ Վաշաձեն հավաքել է 37,74% ձայն: