Նեմցովի անվան փողոցը Վաշինգտոնում կբացվի նրա սպանության երրորդ տարելիցի օրը
Վաշինգտոնի քաղաքային խորհուրդը որոշել է Ռուսաստանի դեսպանատան հարակից փողոցը վերանվանել ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի անունով: Նեմցովը սպանվել է երեք տարի առաջ Մոսկվայի կենտրոնում:
Բորիս Նեմցովի հիմնադրամի ղեկավար Վլադիմիր Կարա-Մուրզան ասել է, որ Վիսքոնսին պողոտայի մի հատվածը Նեմցովի անունով կոչելու պաշտոնական արարողությունը ծրագրված է անցկացնել փետրվարի 27-ին՝ ընդդիմադիր գործչի սպանության երրորդ տարելիցի օրը:
Մոսկվան դժգոհ է այս նախաձեռնությունից: Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարությունը ԱՄՆ-ի օրենսդիրներին մեղադրել է սպանված քաղաքական գործչի անունը շահարկելու մեջ:
Ռուսաստանի նախկին փոխվարչապետ, այնուհետև ընդդիմադիր գործիչ, Վլադիմիր Պուտինին խիստ քննդատության ենթարկող Բորիս Նեմցովը սպանվել է Կրեմլի պատերից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող կամրջի վրա:
ՌԴ իշխանությունները մերժել են այդ վայրում Նեմցովի հուշարձան տեղադրելու առաջարկները, իսկ այնտեղ դրվող ծաղիկներն ու մոմերն արագորեն հեռացվում են: Նեմցովի սպանության գործով Մոսկվայի դատարանը մեղավոր է ճանաչել Չեչնիայի հինգ բնակիչների և նրանց դատապարտել երկարաժամկետ ազատազրկման: