Թուրքիան միշտ կանգնած է Ղրիմի թաթարների արդար դատի կողքին․ Նուման Քուրթուլմուշ
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նախագահ Նուման Քուրթուլմուշը մասնակցել է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվող Ղրիմի հարթակի 2-րդ խորհրդարանական գագաթնաժողովին։ Քուրթուլմուշն անդրադարձել է Ղրիմի, Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի զարգացումներին։
Խորհրդարանի նախագահը շեշտել է, որ Թուրքիան միշտ կանգնած է Ղրիմի թաթարների «արդար դատի» կողքին, որոնք 1944-ից ի վեր ենթարկվել են ճնշումների և հալածանքների։ Ըստ թուրքական աղբյուրի՝ Քուրթուլմուշը նշել է, որ Թուրքիան մերժում է Ղրիմի «անօրինական բռնակցումը» և դեմ է «օկուպացիային»։
Նա մասնավորապես նշել է․ «Ղրիմի բնիկ ժողովուրդի՝ մեր թաթար ցեղակիցների իրավունքների և շահերի պաշտպանությունը, ինքնության պահպանումը և թերակղզում նրանց կարգավիճակի ամրապնդումը մեզ համար չափազանց կարևոր է։ Բոլորին է հայտնի, որ Ղրիմի թաթարները գիտեն, թե ինչպես է պետք խաղաղ ճանապարհով պահանջել իրենց իրավունքները՝ ի հակառակ բոլոր հալածանքների»։