Ոտքի ելեք՝ պաշտպանենք մեր հայրենիքը. ասկերանցիները կոչ են անում միանալ իրենց պայքարին
Ասկերանցիները Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին շարունակում են հերթապահություն իրականացնել, եւ իրենց կոչն են ուղղել արցախցիներին՝ միանալ իրենց պայքարին:
Ասկերանի բնակչուհի Հերմինե Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել գնալ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին եւ տեսնել, թե ինչ իրավիճակ է այնտեղ:
«Եկեք, համախմբվենք, պայքարենք, ես չեմ հասկանում Ասկերանում ու Ստեփանակերտում այսքան մա՞րդ է: Եկեք, մեր պայքարը շարունակենք: Ստեփանակերտից զանգում ու հարցնում եք՝ էստեղ վիճակը ոնց է, եթե ձեզ հետաքրքիր է, ապա եկեք այստեղ, կողքը նստեք ու իմացեք՝ ոնց է կարգավիճակը: Եկեք պաշտպանենք մեր հայրենիքը, ամոթ է»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին Ադրբեջանը Աղդամի ճանապարհով Ստեփանակերտ 40 տոննա ալյուր է ուղարկել։ Արցախցիները մերժում են Բաքվից մթերք ստանալու առաջարկը։ Նրանք Ասկերանում՝ Ակնայի ճանապարհի մոտ են, որտեղ կանգ են առել ադրբեջանական Կարմիր խաչի երկու բեռնատարները։