Ժպիտի բուժիչ հատկությունը. գիտնականները նշել են, թե ինչն է մարդուն երջանիկ դարձնում
Ժպիտը բուժիչ հատկություն ունի։ Համաձայն ամերիկացի հոգեբանների հետազոտության՝ երջանկության արտաքին դրսեւորումներն ազդում են ուղեղի վրա՝ առաջ բերելով դրական հույզեր։
Գիտնականներն ուսումնասիրել են մի քանի տասնամյակների հետազոտությունների արդյունքները՝ պարզելու, թե կարող է արդյոք դեմքի արտահայտությունը ստիպել մարդուն նման զգացումներ ապրել։ Ինչպես պարզվել է, ժպիտը ստիպում է շրջապատողներին իրենց ավելի երջանիկ զգալ, մռայլ հայացքը ստիպում է չարանալ, իսկ տխուրը խորացնում է թախիծը։
Վեճերն այն մասին, թե կարող է արդյոք ժպիտը կամ խոժոռ հայացքը ազդել տրամադրության վրա, վաղուց են ընթանում։ Թենեսիի համալսարանի (ԱՄՆ) ասպիրանտ Նիկոլաս Քոուլզը նշում է, որ ավելի քան 100 տարի շատ հոգեբաններ տարակարծիք են եղել, որ ժպիտը կարող է ստիպել մարդուն իրեն ավելի երջանիկ զգալ։
Այս առնչությամբ որոշվել է 138 հետազոտության մասշտաբային մետաանալիզ անցկացնել, որոնց մասնակցել է ավելի քան 11 հազար մարդ աշխարհի տարբեր երկրներից։ Ստացված արդյունքները հիմք են տալիս ենթադրելու, որ դեմքի արտահայտությունն իսկապես կարող է որոշակի հույզեր առաջացնել։
Հետազոտության արդյունքները նոր հորիզոններ են բացում էմոցիոնալ ֆոնի եւ ուրախության ու տխրության արտաքին դրսեւորումների միջեւ փոխկապակցվածության ուսումնասիրման գործում։ Այնինչ, հոգեբանները կոչ են անում ժպիտը չդիտարկել որպես վատ տրամադրության ու ընկճախտի դեղամիջոց։