Բուհը, որտեղ այժմ սովորում է Գեղարքունիքի մարզպետը, գոյություն չունի
Yerkir.am-ը գրում է․ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը փետրվարի 21-ին Մարտունու շրջանում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ մատ էր թափ տալիս մարտունեցիների վրա, գոռում, սպառնում ու դեմքին լուրջ տոն տված հոխորտում, թե ինչու՞ էդ մարդիկ հայրենասեր չեն, ինչու՞ չեն սիրում երկիրն ու գնում են խոպան, սուտ և անիմաստ բաներ են խոսում, բղավում իր վրա և այլն:
Փաստել էինք, որ մարզպետ Կարեն Սարգսյանն ինքն էլ էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն ավարտելուց և մարզական լրագրողի որակավորում ստանալուց հետո գնացել խոպան, տասնյակ տարի մնացել Մոսկվայում, և միայն Նիկոլի կողմից պաշտոն ստանալուց հետո է սկսվել սրա «հայրենասիրության» բուռն շրջանը:
Բայց բացի բարոյական կողմից՝ խնդիրն ունի նաև իրավական լայն ասպեկտ. Կարեն Սարգսյանը մարզպետարանի պաշտոնական էջում զետեղված իր կենսագրության մեջ նշել է, որ բուհն ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա և 2009 -2015թթ. - Մոսկվա քաղաքում զբաղվել է անհատ ձեռներեցությամբ: Ինչպես արդեն մամուլում գրվել էր՝ նա, ըստ տեղեկությունների, Մոսկվայում աշխատել է ավտոլվացման կետում (ժողովրդական լեզվով՝ եղել է «մոյշիկ»): Դրանից հետո նա, ըստ կենսագրականի, 2016 թ. ընդունվել և մինչ օրս սովորում է Մոսկվայի մարզային իրավունքի և կառավարման ինստիտուտի Մենեջմենթի բաժինը: Վերադառնալով ՀՀ՝ Կարեն Սարգսյանն 2018 թ. առաջադրվել է Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու՝ «Իմ քայլը» դաշինքի կողմից (ցուցակում նա զբաղեցրել է 145-րդ տեղը):
Ինչպես տեսնում ենք՝ 2018-ին առաջադրվելով ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու՝ Կարեն Սարգսյանը չի ունեցել դրա սահմանադրական իրավունքը, քանի որ նա մինչ այդ աշխատել, ապա սովորել է Մոսկվայում: Եթե անգամ ուսումնառության շրջանը (2016-2018 թթ. համարենք հարգելի բացակայություն), ապա միևնույն է, նա պարտավոր էր ներկայացնել 2014 թվականից ՀՀ-ում մշտապես գտնվելու մասին տեղեկանք, ինչը և հնարավոր չէր կարող լինել, քանի որ նա 2014 և 2015 թվականներին գտնվել է Մոսկվայում և աշխատել այնտեղ:
2018 թվականին Կարեն Սարգսյանին ինչպե՞ս, ի՞նչ հիմքերով է տրվել վերջին 4 տարում ՀՀ-ում մշտական բնակություն ունենալու մասին տեղեկանք, եթե նա, ըստ Սահմանադրության պահանջի, առնվազն 2014 թվականից պարտավոր էր մշտապես բնակված լինել ՀՀ-ում, արդյո՞ք Կարեն Սարգսյանն իր առաջադրմամբ չի ոտնահարել ՀՀ Սահմանադրությունը. ՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից սոսկ նկարագրել են օրենսդրական պահանջները՝ նշելով, որ քաղաքացին վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվող չի համարվում, եթե տեղեկանքի ստացման դիմում տալու օրվան նախորդող 1461 օրերի (4 տարի) ընթացքում նա առնվազն 731 օր (2 տարի) բացակայել է ՀՀ-ից, բացառությամբ այն դեպքերի, երբ բացակայությունը պայմանավորված է եղել ՀՀ հանրային ծառայության մեջ գտնվող անձի ծառայողական նպատակներով արտերկրում գտնվելու կամ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության հանգամանքներով: Նշված է նաև, որ ՀՀ-ից վերջին 4 տարվա ընթացքում բացակայությունների օրերը հաշվարկվել են Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով:
Պատասխանից բոլորովին հասկանալի չէ, թե Կարեն Սարգսյանի՝ Մոսկվայում ուսումնառության մասին տեղեկանքը հիմք ընդունելո՞վ են վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակության մասին տեղեկանքը տվել, թե՞ իսկապես 2014-2018 թթ. ընթացքում նա օրերի մեծ մասը եղել է ՀՀ-ում։
Դատելով կենսագրականից՝ Կարեն Սարգսյանն այդ փուլում ՀՀ-ում չի եղել, տարել է ուսումնառության մասին տեղեկանքը և դրա հիման վրա ստացել է մշտական բնակության մասին տեղեկանքը։
Իսկ ի՞նչ ասել է «ուսումնառություն», որտե՞ղ է 2016 թ. ընդունվել և մինչ օրս այդպես անվերջանալի «սովորում» Կարեն Սարգսյանը, ինչպե՞ս է մարզպետության ծանրաբեռնված պաշտոնի հետ մեկտեղ կազմակերպում, օրինակ, ընթացիկ քննությունների հանձնումը, մասնակցում դասախոսություններին: Անգամ չի նշված՝ առկա՞, թե՞ հեռակա ձևով է սովորում:
Բավական է ուսումնասիրել տվյալ բուհի կենսագրությունը, և ամեն ինչ պարզ կլինի: https://vuzopedia.ru/vuz/894 կայքի՝ Կարեն Սարգսյանի բուհը ներկայացնող սույն հասցեում միանգամից բացվում է պատուհան, որտեղ զգուշացվում է հետևյալը. «….Վերջին ստուգման ժամանակ համալսարանում պետական հավատարմագրման հետ կապված խնդիրներ են հայտնաբերվել (բացակայում է / բուհը զրկված է պետական հավատարմագրումից): …Դիմորդները կարող են ստուգել հավատարմագրումը Ռոսօբրնադզորի պաշտոնական կայքում»:
Փաստենք, որ պետական հավատարմագրված կրթական ծրագրերով կրթական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ռեգիստր Ռոսօբրնադզորի պաշտոնական կայքում այդպես էլ չգտանք Մոսկվայի մարզային իրավունքի և կառավարման ինստիտուտի, իբրև գործող բուհի անունը: Չի գործում բուհի moiup.ru հասցեով կայքը, որը երբեմն բացվում է որպես առցանց կազինոյի հարթակ: «Յանդեքս» որոնողական համակարգը ևս հայնտում է, որ բուհը չի գործում: Բուհի մասին ավելի ստույգ տեղեկություններ իմանալու նպատակով զանգահարեցինք Մոսկվա, որտեղից մեզ հայտնեցին, որ նշված անունով բուհը վաղուց չի գործում:
Այսքանից հետո՝ պարզորոշ է, թե ինչու՞ Գեղարքունիքի մարզպետի աթոռն զբաղեցնող նորահայտ հայրենասեր Կարեն Սարգսյանը 2016 թ. ընդունվել, բայց համառորեն չի ավարտում իր կենսագրության մեջ նշած և այլևս գոյություն չունեցող «բուհը»:
Իսկ թե իրականում ինչպե՞ս է ընդունվել այնտեղ, ո՞ր թվականին, արդյո՞ք տվյալ բուհում ընդունվելու և երկու տարի իբր սովորելու ձևակերպումները չի կատարել 2018 թվականին՝ հետին թվով, երբ հանկարծ բախտ է վիճակվել դառնալու ԱԺ պատգամավոր՝ թողնում ենք, որ ընթերցողը եզրակացնի:
Հ.Գ. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, կարծում ենք, անելիք ունի ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի բարեվարքության ստուգման մասով: