Արդյո՞ք Հայաստանն ու Հնդկաստանն ընթանում են ռազմավարական գործընկերության ուղղությամբ
Երբ բանը հասնում է հնդկական աշխարհաքաղաքական մանեւրներին, գլոբալ ռազմավարական հանրույթը կարծում է, որ Հնդկաստանը շատ ավելի թույլ է գործում, քան իր քաշն է՝ հիմնականում սահմանափակվելով Հարավային Ասիայով, գրել է Աբհինավ Պանդյան National Interest-ի իր հոդվածում։
Մինչեւ վերջերս Հնդկաստանի ռազմավարական հաշվարկները սահմանափակվում էին գլխավորապես Պակիստանով, որին հաջորդում էր Չինաստանը։ Նրա պայմանագրերն արեւմտյան աշխարհի հետ հիմնականում տնտեսական եւ մշակութային էին, բացի աննշան ռազմավարական բաղադրիչից՝ կապված պաշտպանական գործարքների հետ։ Սակայն այն բանից հետո, երբ չինական ներխուժումը Դոկլամ եւ Գալվան վատթարացրեց հնդկա-չինական հարաբերությունները եւ Քաշմիրի հակամարտությունում ներգրավեց արտատարածաշրջանային խաղացողների, ինչպիսին է Թուրքիան, Հնդկաստանի արտաքին քաղաքական տեսլականը, մոտեցումը եւ ռազմավարական հաշվարկները դուրս եկան Հարավային Ասիայի սահմաններից։
Դրա դրսեւորումներից են Հնդկաստանի շահագրգռությունը Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանով, գլոբալ ռազմավարական կապերի նախագծերը, ինչպիսին է IMEC-ը, երկկողմ կապերի աճը Հնդկաստանի եւ Հունաստանի միջեւ եւ Նյու Դելիի խանդավառությունը G20-ում իր նախագահությունից։
Հայաստանի՝ Հարավային Կովկասում հեռավոր երկրի հետ Հնդկաստանի փոխգործակցությունը այդ նոր փոփոխությունների մի մասն է։ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Ս.Ջայշանկարի այցը Երեւան 2021թ. հոկտեմբերին պատմական է, քանի որ դա Հնդկաստանի ԱԳՆ ղեկավարի նման առաջին այցն էր վերջին երեսուն տարվա ընթացքում։ Մինչ այդ վարչապետ Մոդին հանդիպել էր հայ գործընկերոջ՝ Նիկոլ Փաշինյանի հետ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակում (Նյու Յորք)՝ ձգտելով հավաստիանալ Երեւանի աջակցության հարցում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ համաձայնագիրն ավարտելու առումով։
Վերջին երեք տարում Հնդկաստանը վերածվել է Հայաստան զենքի խոշոր մատակարարի։ Այդ խոշոր պաշտպանական գործարքները ներառում են Pinaka բազմափող հրթիռային կայանքների վաճառքը, SWATHI ռադարների 40 մլն դոլարի գործարքը, զինամթերքներ հակատանկային հրթիռների համար եւ 155 միլիմետրանոց հրետանային զենք։
ԱԳՆ-ում հեղինակի զրուցակիցները տեղեկացրել են, որ Հայաստանը հետաքրքրված է ավելի մեծ քանակությամբ պաշտպանական գործարքներով, ներառյալ զինամթերքները եւ դրոնների դեմ պայքարի համակարգերը, «երկիր-օդ» դասի միջին հեռահարության հրթիռները։ 2022թ. հոկտեմբերին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այցելեց Նյու Դելիի պաշտպանական ցուցահանդես եւ հանդիպեց հնդիկ գործընկերոջ՝ Ռաջնաթհ Սինգհի հետ։
2022թ. սեպտեմբերին երկու երկրները ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր (ՓԸՀ) մշակույթի, թվային ենթակառուցվածքի եւ էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտներում՝ 2022թ. Հնդկաստան-Հայաստան համաժողովում (Բանգալոր) գործնական կապերի զարգացման համար։ Պատվիրակներն ուսումնասիրեցին առեւտրային եւ ներդրումային պոտենցիալը դեղագործությունում, գյուղատնտեսությունում, տեղեկատվական տեխնոլոգիաներում, կինոյում եւ զբոսաշրջությունում։
Բացի այդ, կարելի է նկատել համագործակցության աճ վերլուծաբանական կենտրոննների մակարդակով։ Բոլորովին վերջերս հեղինակը ներկայացրել է «Ուսանաս» հիմնադրամը «Երեւանյան երկխոսություն» շարքում, որը կազմակերպել էր Հայաստանի վարչապետի աշխատակազմը Հայաստանի վերլուծաբանական կենտրոնի՝ Կիրառական քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի (APRI) հետ համագործակցությամբ։
APRI-ն կազմակերպում է նաեւ երկխոսությունների հաջորդ շարքը Դիտորդների հետազոտական հիմնադրամի հետ՝ եւս մեկ հնդկական հետազոտական կենտրոն, ինչպես նաեւ Ռայսինի երկխոսությունը արտաքին գործերի նախարարության հետ գործընկերությամբ։
Այս բոլոր իրադարձությունները հենվում են ամուր մշակութային եւ պատմական կապերի վրա, որոնք երկու երկրների միջեւ գոյություն ունեն դարեր շարունակ։ Հայկական բիզնես-հանրույթը Հնդկաստանում ապրում է արդեն ավելի քան չորս հարյուրամյակ։ Կալկաթան տուն է բազմադարյա հայկական եկեղեցիների համար։
Ռազմավարական փոխկապվածություն եւ աշխարհաքաղաքականություն
Մինչեւ 2020թ. պատերազմը Հնդկաստանը քիչ թե շատ հստակ դիրքորոշում ուներ՝ աջակցելով Հայաստանին Ադրբեջանի տարածքային ագրեսիայի դեմ պայքարում։ Ադրբեջանի աջակցությունը Թուրքիայի եւ Պակիստանի կողմից Հնդկաստանի համար ավելի կարեւորեց Հայաստանին աջակցությունը։
2017թ. Թուրքիան, Ադրբեջանը եւ Պակիստանը ստորագրեցին եռակողմ համաձայնագիր պաշտպանական եւ ռազմավարական կապերի ամրապնդման մասին։ Հատկանշական է, որ Ադրբեջանը հայտարարեց, որ աջակցում է Պակիստանին Քաշմիրի հարցում, այն դեպքում, երբ Հայաստանն աջակցում է Հնդկաստանին։
Այն բանից հետո, երբ Հնդկաստանը չեղարկեց Քաշմիրի հատուկ կարգավիճակը 2019թ., Թուրքիան դարձավ Պակիստանի դիրքորոշման մոլի կողմնակիցը։ Էրդողանի իսլամիստական ղեկավարության եւ պանթյուրքական հավակնությունների ներքո Անկարայի շահը եւ Պակիստանի աջակցությունն ուժեղացան, իսկ հակահնդկական արտահայտությունները դարձան խոցող։ Բոլորովին վերջերս հեղինակի զրուցակիցները ենթադրել են, որ Էրդողանի SADAT մասնավոր ռազմականացված կազմավորումները կարող են բարձրորակ վարձկաններ ուղարկել Քաշմիր։
Թուրքիայի եւ Պակիստանի հակակշռից բացի Հնդկաստանը Հայաստանը դիտարկում է նաեւ որպես հանգուցակետ իր ռազմավարական եւ տնտեսական ներկայությունը Հարավային Կովկասում ընդլայնելու համար։ Դելիի համար այս տարածաշրջանում առավել հետաքրքիր են ռազմավարական կապերի նախագծերը։
Հնդկաստանի հետաքրքրությունը INSTC-ով (Հյուսիս-Հարավ միջազգային միջանցք), որի մի մասն է Հայաստանը, կապված է Եվրասիայի, Կենտրոնական Ասիայի եւ Եվրոպայի հետ Իրանի լեռնաշղթայով ցամաքային կապ ունենալու ձգտման հետ, որը հակառակ դեպքում արգելակվում է Պակիստանի եւ Աֆղանստանի կողմից։ Հնդկաստանն այս նպատակով ձգտում է INSTC-ն տարածել Հայաստանի վրա՝ միացնելով Չահբահար նավահանգիստը Իրանի հարավ-արեւելքում եվրոպական եւ եվրասիական շուկաների հետ։
Հնդկաստանը եւ Իրանը երկու տարբերակ ունեն. երկաթուղի, որը կմիացնի հյուսիսարեւմտյան Իրանը Ռուսաստանին կամ Սեւ ծով Հայաստանի Սյունիքի մարզով կամ Կասպից ծովով՝ Ադրբեջանով։
Հայաստանը բնական ընտրություն է Հնդկաստանի համար Պակիստանի եւ Թուրքիայի հետ Ադրբեջանի մերձության պատճառով։ Հայաստանը եւս մեծ հետաքրքրություն է ցուցաբերում INSTC-ի հանդեպ։ 2021թ. մայիսին Երեւանը հայտարարեց Իրան տանող այլընտրանքային ուղու մասին, որը կմիավորի իրանական նավահանգիստները վրացական նավահանգիստների հետ Հայաստանի միջով։ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի 2021թ. Հայաստան կատարած այցի ժամանակ Հայաստանն առաջարկել է սխեմա, որը թույլ կտա հնդկական արտադրանքը տեղափոխել Ռուսաստան եւ Սեւ ծով Հայաստանով։ Այս բոլոր նախաձեռնությունները INSTC-ը մոտեցնում են իրականությանը։
Հաշվի առնելով այս իրադարձությունները՝ կարելի է եզրակացնել, որ երկու երկրները շարժվում են դեպի ամուր ռազմավարական գործընկերություն։ Սակայն Հնդկաստանի հարաբերական լռությունը 2023թ. Լեռնային Ղարաբաղի անկման հարցում նշում է Նյու Դելիի խանդավառության չափավոր նվազման մասին, քանի որ թերահավատություն է առաջանում։
Գուցե այն բանից հետո, երբ Ադրբեջանն ամրացրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղում, Հնդկաստանն իրեն անվստահ է զգում իր ներդրումների եւ ծրագրերի հարցում։
Հնդկաստանը կարող է վերանայել իր վերոնշյալ դիրքորոշումը Սյունիքի հարցում Զանգեզուրի պատճառով։ Բաքուն հավակնություններ է ներկայացրել Զանգեզուրի միջանցքի հարցում։ Հաշվի առնելով Ադրբեջանի ռեւիզիոնիստական մտադրությունները՝ Բաքվի սպառնալիքները չի կարելի թերագնահատել։ Հետեւաբար, իրավիճակի անկայունությունը անվտանգության առումով կարող է թուլացնել Հնդկաստանի խանդավառությունը Սյունիքի տարանցիկ երթուղու հարցում։
Այնուամենայնիվ, Հնդկաստանը կանգնած է դժվար ընտրության առջեւ։ Նա ակտիվ ներդրումներ է կատարում Չահբահար նախագծում եւ INSTC-ն դիտարկում է որպես կարեւորագույն նախագիծ դեպի Եվրոպա ցամաքային ճանապարհ ունենալու համար։ Չնայած Իրանի եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին՝ Հնդկաստանը Իրանի հետ տասնամյա պայմանագիր է կնքել Չահբահար նավահանգստի օգտագործման մասին։
Արեւմտյան Ասիայի գծով փորձագետ եւ Մերձավոր Արեւելքի շատ երկրներում նախկին դեսպան Անիլ Տրիգունայաթը հայտնել է, որ Ուկրաինայում պատերազմից հետո ռուսները լրջորեն կվերաբերվեն INSTC-ի արագ իրականացմանը, որպեսզի Չահբահարի հասանելիություն ստանան Հնդկական օվկիանոսով՝ եվրոպական պատժամիջոցներին դիմակայելու համար։ Հնդկաստանը չի ցանկանում բաց թողնել այդ հնարավորությունը։
Նա նաեւ ասել է, որ եթե Հնդկաստանը հետաքրքրություն չցուցաբերի, Չինաստանն, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի այդ տարածքը, քանի որ արդեն ամուր կապեր ունի Ռուսաստանի հետ։ Հնդկաստանի կախվածությունը ավելի է խորանում IMEC-ի (Հնդկաստան-Մերձավոր Արեւելք եւ Եվրոպա միջանցք) հեռանկարների վատացմամբ Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ պատերազմից հետո։
Հետեւաբար, արդյո՞ք այդ խոցելի պահերը կստիպեն Հնդկաստանին ուսումնասիրել ադրբեջանական երթուղին INSTC-ի համար՝ Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան դաշինքի ֆոնին։
Ի հավելումն նշված գործոնների՝ համաշխարհային տերությունների աճող մասնակցությունը Հարավային Կովկասում նույնպես կարող է խանգարել Հնդկաստանի եւ Հայաստանի հարաբերությունների վերածմանը ռազմավարական գործընկերության։ Ադրբեջանի հետ պատերազմին Ռուսաստանի թույլ արձագանքից հետո նկատվում է հայերի նկատելի շարժ դեպի ԱՄՆ, ինչը անհարմարություն է ստեղծում Մոսկվայի համար։
Ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ Հնդկաստանը ստիպված էր բախվել հսկայական ճնշման արեւմտյան տերությունների կողմից, որոնք ստիպում էին հրաժարվել Ռուսաստանից։ Նյու Դելին չէր ցանկանա հայտնվել սառը պատերազմի ճակատում Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ։ Իսրայելի՝ Իրանի երդվյալ թշնամու հետ Հնդկաստանի ամուր կապերը, եւ Իրանի կապերը Չինաստանի՝ Հնդկաստանի երդվյալ թշնամու հետ Հնդկաստանի համար ավելի են դժվարացնում Ռուսաստանի եւ Իրանի գլխավորած INSTC-ի շարունակման եւ հետագա մասնակցության խնդիրը։
Հնդկաստանի համար վատագույն սցենարը INSTC-ի անցումն է Ադրբեջանի տարածքով։ Հետեւաբար, կարելի է պնդել, որ Հարավային Կովկասում անորոշության եւ անկայունության պայմաններում Հնդկաստանը կնախընտրի առաջ ընթանալ Հայաստանի հետ երկկողմ հետագծով՝ հատուկ ուշադրություն դարձնելով պաշտպանական գործարքներին եւ տնտեսական կապերին»։