Լենա Նազարյան. «Նոր» Հայաստանի Շմայսը
Լենա Նազարյանը, որ արդեն իսկ ինքնալուծարված խորհրդարանում «Ելք» խմբակցության ղեկավարն է, չի դադարում զարմացնել:
Անդրադառնալով Մամուլի Ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի սկանդալային հրապարակմանը, թե ինչպես են ՔՊ-ում ընտրել պատգամավորի թեկնածուներին, Լենա Նազարյանը, լրագրողների հետ զրույցում պնդեց, թե այս ամենն ընդամենը ընկալման հարց է: «Մենք հանդիպել եւ շատ բարյացակամ մթնոլորտում զրուցել ենք հարյուրավոր մարդկանց հետ, որոնք մեր ցուցակով պատգամավորության թեկնածու լինելու ցանկություն են հայտնել կամ մենք ենք ցանկացել նրանց հետ հանդիպել։ Բոլոր հանդիպումները տեղի են ունեցել լավ մթնոլորտում, քաղաքավարի զրույց ենք ունեցել, ստացել մեր հարցերի պատասխաններ եւ բարեկամաբար հրաժեշտ ենք տվել։ Ընդամենը ընկալման հարց է տիկին Մկրտչյանի կողմից»։
Իսկապես, Լենա Նազարյանը չի դադարում զարմացնել: Այո, ընկալման հարց է: Հենց այսպես էին ասում նրանք, ովքեր արդարացնում էին ստալինյան ռեպրեսիաները: Ընդամենը մարդկանց հետ կիրթ, սիրալիր ժպտացել են, ապա գնդակահարել կամ աքսորել Սիբիր: Ոչ մի ռեպրեսիա, ընդամենն ընկալման խնդիր է: Եւ տարօրինակ է, որ բազմափորձ լրագրող, մտավորական, ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանն ընկալման հետ խնդիրներ ունի:
Ափսոս, շատ ափսոս, որ ՀՀ քաղաքացիների մի ստվար զանգված ընկալումները տարբերվում են ՔՊ ղեկավար կազմի ընկալումներից: Եւ եթե մեր ընկալումները լինեին նորմալ վիճակում, ապա խորհրդարանում Շմայսին փոխարինած Լենա Նազարյանը չէր նեղսրտի, որ կառավարությանը քննադատում են, եւ որ ամենակարեւորն է, չենք տեսնում եւ հասկանում, որ տրված խոստումները կատարվել են:
Պատասխանելով հանրության մի զգալի հատվածի քննադատությանը, թե իշխանություն դառնալուց հետո էլ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի բարձրացրել աշխատավարձերը, չի վերացրել տեսախցիկներն ու կարմիր գծերը, չի փոփոխել Ընտրական օրենսգիրքը, կարգի չի բերել ընտրացուցակները, Լենան հայտարարեց, թե տրված խոստումները կատարվել են:
Իսկապես, խնդիրն ընկալման մեջ է: Մնում է Լենա Նազարյանն այնպիսի պատվաստանյութ ստեղծի, որի ներարկումից հետո բոլորի ընկալումները տեղն ընկնեն եւ լինենք երջանիկ, թե չէ ոչ նորմալ ընկալում ունենալու պատճառով կարծում էինք, որ Նարինե Մկրտչյանի հրապարակումից հետո ՔՊ-ն գոնե ներողություն կխնդրի: Գոնե:
Վարդան Մխիթարյան
Top-News.am