Այն մասին, թե ինչպես են նախկին իշխանությունների պայմանավորվածությունները վերագրում իրենց
Արդեն հինգ ամիս է կառավարության ղեկին Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են: Հինգ ամիս: Դա բավարար ժամանակ է՝ ծրագրեր կազմելու, առաջնահերթություններ մշակելու, նույնիսկ կոնկրետ գործողություններ անելու համար։ Մինչդեռ, առ այսօր չենք տեսնում որևէ կոնկրետ առարկայական ծրագիր:
Մյուս կողմից ականատես ենք լինում, մեղմ ասած, ոչ գեղեցիկ մի երեւույթի:, այլև ականատես ենք լինում մի շատ տգեղ երևույթի։
Բանն այն է, որ նոր կառավարության ներկայացուցիչներն ու թիմը փորձում են «սեփականաշնորհել» նախորդ իշխանությունների այն ձեռքբերումները, որոնք հանգամանքների բերումով վերջնական տեսք են ստացել միայն այսօր։
Մասնավորապես, տևական ժամանակ է մամուլում, նախարարի մակարդակով ուղիղ եթերներով, բոլոր հնարավոր այլ տարբերակներով խոսվում է շտապօգնության մեքենաների նոր խմբաքանակների մասին։ Եվ այս ողջ «pr» արշավների մեջ ոչ մի խոսք այն մասին, որ շտապօգնության այդ մեքենաները ձեռք բերելու պայմանավորվածությունների համար նախևառաջ շնորհակալություն է պետք հայտնել նախկին կառավարությանը։
Ստացվում է այնպես, երբ ծառը տնկում, խնամում է մի մարդ, իսկ պտուղները ոչ միայն վայելում այլ մարդ, այլև պարծենում, թե որքան առողջ ու առատ բերք ունի ինքն այս տարի, չհիշելով, թե ում է պարտական դրա համար։
Շտապօգնության ավտոմեքենաները միակ օրինակը չեն: Մերկելի այցը, Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովը, այլ ծրագրերով Հայաստանին տրամադրված այս կամ օգնությունը, եւ այլն, եւ այլն: Էթիկայի կանոնները հուշում է, որ գոնե մի անգամ ասվի, որ սիրո մթնոլորտում հայտնված ժողովուրդը չկարծի, թե այս ամենը նոր կառավարության աշխատանքի արդյունքն է:
Հասկանում ենք, որ գուցե անփորձությունից են նման սխալները թույլ տրվում կամ գուցե անփութության հետևանք են։ Սակայն, առնվազն տգեղ է նախկին իշխանությունների սխալները մատի փաթաթան դարձնել, իսկ ձեռքբերումները վերագրել քեզ։ Դա ոչ միայն պրոֆեսիոնալ չէ, այլև բարեկրթության նորմերից է դուրս։
Գրիգոր Հայրապետյան
Top-News.am