Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե առանց զոհերի. Փաշինյան
1998 թվականի լետմոտիվն այն էր, որ լեւոն Տեր-Պետրոսյանը ընդունելի էր համարում, որ Արցախի հարցը լուծվի փուլային տարբերակով, Սերժ Սարգսյանը, Ռուբերտ Քոչարյանը, ԼՂ իշխանությունները ասում էին՝ ոչ, հարցը պետք է լուծվի փաթեթային տարբերակով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 13-ին, ԱԺ-ում կառավարության 2021 թվականի ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այն բանակցային թուղթը, որ իմ սեղանին դրված է, վերնագիրը եղել է հետեւյալը. «ԼՂ կարգավորման առաջին փուլի եւ հետագա քայլերի մասին»: Այսինքն այն մարդը, որն ասել է, որ փուլային լուծումը պարտվողականություն է, 2018-ին բանակցային սեղանին թողել է մի թուղթ, որի վերնագիրը դա է: Այսինքն փուլային լուծման դեմ իշխանափոխություն անող մարդը եկել հանգել է նորից փուլային լուծման: Բայց այդ փուլային լուծման մեջ այնքան տրոհումներ կան: Դա փուլային տարբերակ չէր, հիպերփուլային տարբերակ էր:
Բայց միշտ հաշվի առեք, որ հարց է՝ Ադրբեջանը այս ամեն ինչի հետ համաձայն է, թե ոչ: Ասում են՝ Ղարաբաղի հարցը մենք սենց կլուծեինք, նենց կլուծեինք: Ժողովուրդ ջան, լուծեիք: Նրանք չստորագրված թղթերում առկա գաղափարները ներկայացնում են որպես հաղթանակ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով 2016-ին բանակցային գործընթացին, Փաշինյանն ասաց. «Համանախագահները հունվարին ներկայացնում են բանակցային փաթեթ, որի իմաստն այն է, որ Լեռնային Ղարաբաղը միջանկյալ կարգավիճակ չի ունենալու: Հայկական կողմը բնականաբար, մերժում է, որից 2 ամիս հետո տեղի է ունենում ապրիլյան պատերազմը: Դրանից հետո հուլիսին ներկայացվում է երկրորդ փաթեթը, որտեղ արձանագրվում է, որ Ղարաբաղը միջանկյալ կարգավիճակ չի ունենալու: Օգոսոտոսին ներկայացվում է երրորդ փաթեթը, որտեղ ավելանում է նոր բաղադրիչ. Ավելանում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւի նախագիծ: Սա նշանակում է, որ ԼՂ կարգավիճակի հարցը 2016-ի դրությամբ դուրս է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով տեղի ունեցող բանակցությունների տիրույթից: Դա արդեն միջազգային հանրությունը պետք է լուծի եւ պետք է լուծի մի քանի անառարկելի սկզբունքների շրջանակում, որ Արցախում 1988-ի դրությամբ եղել են ադրբեջանցիների: Իրենց ընկալմամբ հնարավոր չի այդ հարցը հասցեագրել առանց ԼՂ ադրբեջանցիների իրավունքների պաշտպանության: Դա բանակցային փաթեթում կա: Այդտեղ չի եղել տարբերակ, որը մեզ համար լինի անընդունելի, իսկ Ադրբեջանը ասի, այո՛, ինձ համար ընդունելի է»,-հյտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանն այդ մասին այս ամբիոնից է ասել. «Ինձ ասում են այդ ինչպես եղավ, որ 2019 թվականին ընկաք թակարդը: Թակարդը ընկնելն այն էր, որ հայտնվում է մի բանակցային փաթեթ, որտեղ Հայաստանից ակնկալվում է, որ արդեն 7 շրջանը պետք է հանձնվի Ադրբեջանին։ Մենք թակարդի մեջ չենք եղել, այդ թղթում արձանագրվել է այն, որի մասին անոնս է արել Սերժ Սարգսյանը այս ամբիոնից: Դա իր վերջին բանակցությունների արդյունքն է եղել, որովհետև 2019 թվականին մենք բանակցություն նույնիսկ սկսած էլ չեն եղել, բովանդակային բանակցությունների մասին չենք խոսել ընդհանրապես:
Այսօր ասում են՝ կարո՞ղ էիք կանխել պատերազմը: Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»,- ասաց Փաշինյանը։