Այսպիսի գործեր «սարքելով»` որոշ ուժեր նպատակ ունեն ինձ դուրս մղել այս ոլորտից․ Պատրոն Դավո
Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել:
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.
«Ակնհայտ է, որ ի թիվս մի շարք հանգամանքների, այսպիսի գործեր «սարքելով»` որոշ ուժեր նպատակ ունեն ինձ դուրս մղել այս ոլորտից՝ շահագրգիռ հայտնի այլ անձանց համար ոլորտում ճանապարհ հարթելու համար։ Սակայն վերջին մեկ տարվա վերլուծությունը հիմք է տալիս պնդելու, որ անգամ անհավասար պայմաններում հայտնված «մրցակիցները» տապալել են ամեն ինչ։ Ուստի կարծում եմ, որ հենց այս հանգամանքը պետք է առաջին հերթին հետաքրքրեր ԱԱԾ-ին և այլ պատասխանատու կառույցներին, քանի որ նշվածը ուղղակի սպառնալիք է ՀՀ ԶՈւ մարտունակությանը և երկրի անվտանգությանը։
Միաժամանակ, ցանկանում եմ հստակ նշել, որ չնայած տևական ժամանակ իմ և իմ կողմից ղեկավարվող ընկերությունների նկատմամբ իրականացվող ապօրինություններին, որոնք բացասաբար են անդրադառնում ինչպես մատակարարման գործընթացների, այնպես էլ՝ գործընկեր պետությունների և կազմակերպությունների մոտ մեր նկատմամբ առկա տարիների աշխատանքով ձեռք բերված բարձր վստահության և բարի համբավի վրա, մեր թիմը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի անգամ ստեղծված պայմաններում պատշաճ կարգով իրականացնի մատակարարման իր բոլոր պարտավորությունները»։