Քոչարյան. հունիսի 20-ից հետո կհայտնվի մի երիտասարդ թոշակառու, որը ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար
Հունիսի 20-ից հետո կհայտնվի մի երիտասարդ թոշակառու, որը ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների, ինչպես նաեւ անգործության համար: Այս մասին հունիսի 11-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:
Երկրորդ նախագահը հիշեցրել է, որ 2008 թվականին՝ ՀՀ նախագահի պաշտոնը լքելուց մոտ մեկ ամիս առաջ, իրեն հարցրել էին, թե ինչով է զբաղվելու հեռանալուց հետո:
«Ես այն ժամանակ պատասխանեցի, որ դեռ չգիտեմ, սակայն, իհարկե, չեմ դառնա ամենաերիտասարդ թոշակառուն: Իսկ այժմ, հունիսի 20-ից հետո, կարծես, հայտնվելու է մի երիտասարդ թոշակառու, որը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների, ինչպես նաեւ անգործության համար: Չէի կարծում, որ կվերադառնամ ու կդիմեմ իշխանության գալու համար, սակայն այսօր զգում եմ, որ ժողովրդի կողմից նման պահանջարկ կա», - ասել է Քոչարյանը:
Նա շեշտել է, որ իր ղեկավարած քաղաքական ուժը գալիս է իշխանության՝ երկրի անվտանգությունն ամրապնդելու, տնտեսությունը վերականգնելու եւ մարդկանց կյանքերին խաղաղություն բերելու համար: