«Իմ քայլն» արգելափակեց Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարության նախագիծը
Հունվարի 18-ին Ազգային ժողովը հրաժարվեց օրակարգում ներառել երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար գործողությունների ծրագրի որոշման մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծը: Նախագիծն օրակարգում ներառելուն «դեմ» հանդես եկավ 76 պատգամավոր, կողմ՝ 37, եւ 1՝ ձեռնպահ: «Բարգավաճ Հայաստանն» աջակցեց նախաձեռնությանը:
Քննարկումների ժամանակ «Լուսավոր Հայաստանի» եւ «Իմ քայլի» պատգամավորները փոխադարձ մեղադրանքներ հնչեցրեցին:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ դեռեւս 2020 թվականի նոյեմբերի 14-ին իր կուսակցությունը «ճանապարհային քարտեզ» է ներկայացրել, որում ասվում է, թե ինչպես պետք է դուրս գալ ստեղծված իրավիճակից: «Մենք պնդում էին, որ պետք է փոխվի երկրի գլխավոր բանակցողը, այլապես հայկական կողմի համար շահավետ որոշումների չենք հասնի: Օրերս՝ հունվարի 11-ին, դա իրականություն դարձավ: Իշխանությունները ոչինչ չարեցին՝ ներքին համերաշխության հասնելու, մարդասիրական, տնտեսական եւ այլ խնդիրներ լուծելու համար: Դուք շարունակում եք փակել ընդդիմության բերանը: Ժամանակի ընթացքում դուք ավելի վատն եք դառնում»,-նշեց Մարուքյանը:
Իր հերթին, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ դաշինքը բացասական եզրակացություն է տվել տվյալ հայտարարության նախագծին: Նրա խոսքով՝ հայտարարության տեքստը, որն ընդունվում է ԱԺ-ի կողմից, պետք է արտացոլի երկրի օրենսդիր մարմնի քաղաքական կամքը:
Այդ ժամանակ Մարուքյանը 20 րոպեանոց ընդմիջում խնդրեց, որպեսզի բանակցություններ վարի իշխող դաշինքի հետ: Ընդմիջումից հետո «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ իշխանությունները հրապարակել են իրավիճակից դուրս գալու համար քաղաքական քարտեզը: Նրա խոսքով՝ ընդդիմության պնդումները, թե պետք է հաստատվի իշխանության լեգիտիմությունը, որեւէ առարկության չեն հանդիպել իշխանությունների կողմից: «Այժմ «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է մոռանալ դրա մասին եւ քննարկել իր նախագիծն իր խմբակցության օրակարգով: Այդպես չի լինում: Ձեր առաջարկը ոչ թե լուծում է խնդիրներն ու թուլացնում լարվածությունը, այլ, հակառակը, սրում է այն: Մենք դեմ կքվեարկենք այդ հայտարարության նախագծին»,-նշեց Մակունցը:
Իր հերթին, Մարուքյանը նշեց, որ իշխող մեծամասնությունը հերքում է Սահմանադրությամբ նախատեսված միջոցներն ու գործողությունները: Նա նշեց, որ իշխող դաշինքի պատգամավորները փորձում են փոխել երկրի Հիմնական օրենքի տրամաբանությունը:
Նշենք, որ հայտարարության նախագծում ներկայացված «ճանապարհային քարտեզի» առաջին կետում նշված է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա: