Սահմանադրության օրը եւ քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանը
Հնչում են շնորհավորանքներ Սահմանադրության օրվա կապակցությամբ, հնչում են բարեմաղթանքներ: Այսօր երկրի ամենակարեւոր տոներից մեկն է, բայց տոնի զգացողություն չկա մի շարք պատճառներով:
Չես կարող չհիշել, թե ինչ փոփոխությունների ենթարկվեց Սահմանադրությունը եւ ինչպես, չես կարող չգիտակցել, որ դրա արդյունքում ունեցանք սուպերվարչապետություն եւ մշտական քաղաքական ճգնաժամում գտնվելու վտանգ: Եւ վերջապես ինչ տոնի զգացողություն, երբ անգամ այդ փոփոխված սահմանադրությունը ոտնատակ տալով ազատությունից զրկված է ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Դժվար է շնորհավորել Սահմանադրության օրվա առթիվ, երբ ունենք քաղբանտարկյալ նախկին նախագահ: Սիրում եք Ռոբերտ Քոչարյանին, թե չեք սիրում, գնահատում եք նրա վաստակը մեր երկրի համար, թե ոչ, կիսում եք նրա հայացքները, թե ոչ, փաստը մնում է փաստ, որ ոտնատակ տալով Սահմանադրությունը մենք ունենք քաղբանտարկայլ նախագահ:
Արդեն մեկ տարի է Ռոբերտ Քոչարյանը հետապնդման է ենթարկվում այն էլ երկրի Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով: Պատկերացնո՞ւմ եք, նա եղել է նախագահ, բայց տապալել է սահմանադրական կարգը: Անհեթեթություն, որի պատճառով մեր երկիրը հետընթաց է ապրում:
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցվեց քրգործ, որը, պարզվեզ «ջուր» է: Պարզվեց նաեւ, որ մարտի մեկի գործում որեւէ նոր բացահայտում էլ չկա, ինչպես հայտարարվեց մոտ մեկ տարի առաջ: Պարզվեց, բայց դա որեւէ նշանակություն չունի Սահմանադրությունը եւ օրնենքերը բռնաբարելու համար: Պարզվեց, բայց դրա համար որեւէ մեկը նկատողություն չստացավ, անգամ շնորհավորանքներ եղան եւ խրախուսանքներ:
Ոմն մեկը որոշեց յուրօրինակ կերպով մեկնաբանել Սահմանադրությունը եւ օրենքները եւ դա հիմք դարձավ, որ մարդը, ՀՀ երկրորդ նախագահը ենթարկվի հետապնդման եւ դառնա քաղբանտարկյալ:
Ինչ ունենք այս մեկ տարում: Ունենք այն, որ մեղադրող կողմը խայտառակ եղավ, խայտառակ անելով պետությունն ու պետական կառույցները: Գործադիր իշխանությունն այս հարցում եւս խայտառակ եղավ, եթե մինչեւ վերջ անկեղծ լինենք: Ինչ հայտարարեցին, պարզվեց իրական չէ, պարզվեց իրականության հետ որեւէ աղերս չունի: Ամենաբարձր մակարդակով հայտարարեցին, թե Ռոբերտ Քոչարյանն արյուն է հեղել, հետո ասացին, թե նրան նկատի չունենք: Սովորական խայտառակություն: Եւ այս ամենից տուժեց հանրությունը, պետությունը: Ընդամենը երկրում ավելացավ անհանդուրժողականության, ատելության մթնոլորտը:
Այսօր Սահմանադրության օրն է, եւ մենք չենք կարող ասել, թե հիմնական օրենք հարգող հանրություն ենք, եթե այսօր ունենք քաղբանտարկյալ նախագահ: Կրկնում ենք, որեւէ կապ չունի, թե կիսում ենք Ռոբերտ Քոչարյանի հայցքները, թե ոչ, դրանից իրականությունը չի փոխվում:
Մնում է հուսալ, որ հաջորդ Սահմանադրության օրն այլեւս մեր երկրում քաղբանտարկյալներ չեն լինի եւ որեւէ մեկն իրեն իրավունք չի վերապահի կամայական ձեւով մեկնաբանել Սահմանադրությունը, օրենքները եւ մի ամբողջ երկիր դարձնել ծաղրի առարկա:
Հակոբ Ասատրյան
Top-News.am