Դիանա Գասպարյանի ընտանիքի անդամների վերաբերյալ վարչական վարույթը կարճվել է
![](/timthumb.php?src=/disc/20-06-24/aa35b8d7b2a46abdd1437cb1425d297a.jpg&w=708)
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարճել է Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանի ընտանիքի անդամների վերաբերյալ վարչական վարույթը։ Գասպարյանի հոր և եղբոր՝ Մնացական և Ժորա Գասպարյանների վերաբերյալ ԿԿՀ-ն վարչական վարույթ էր հարուցել՝ նրանց կողմից հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու պատճառով։
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, ԿԿՀ ծանուցման հիման վրա Գասպարյանները պետք է ներկայացնեին եկամուտների և ծախսերի հայտարարագրերը, ինչը չի արվել։ Ըստ այդմ, այդ ժամկետի ավարտից հետո՝ հունիսի 14-ին Հանձնաժողովում նախատեսված էր վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննությունը, սակայն, ինչպես պարզվեց՝ գործի քննությունից առաջ Գասպարյաններն արդեն ներկայացրել են հայտարարագրերը։ Այս հանգամանքները նկատի ունենալով՝ ԿԿՀ-ն կարճել է վարչական վարույթը՝ հայտարարելով բանավոր դիտողություն և ազատելով վերջիններիս պատասխանատվությունից։