Գեղեցիկ փաթեթավորված ականներ մեր պետության տակ
Մեր երկրի՝ Հայաստանի թշնամիները, հակառակորդները, մրցակիցները համոզվելով, որ դրսից մեզ չեն կարող ծնկի բերել, որքան էլ զինեն Ադրբեջանին, ձեռնամուխ եղան երկիրը ներսից քանդելու գործընթացին: Բնականաբար, այդ ամենը պետք է արվի գեղեցիկ փաթեթավորմամբ:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը հենց գեղեցիկ փաթեթավորված ականներից մեկն է: Անշուշտ, մեր երկրի հակառակորդները ամեն ինչ շատ լավ հաշվել են: Միայն օրենքի անվանումը բավական է, որ բավական մեծ թվով մարդիկ բացականչեն՝ վերջապես հաղթանակում է արդարությունը:
Ավելին, կգտնվեն մարդիկ, որոնք կրկին կսկսեն հավատալ, որ շուտով Նիկոլ Փաշինյանը պարկը ուսին գցած տնտետուն շրջելու է եւ աղքատ ու ազնիվ մարդկանց բաժանելու չար եւ հարուստ մարդկանցից խլված փողերը:
Իսկապես, նման մարդիկ կգտնվեն, բայց հասարակության առողջ հատվածը շատ լավ հասկանում է, թե ինչ նպատակ է հետապնդում այս օրենքի ընդունումը: Շատ շուտով հանրության մեծ մասը եւս գիտակցելու է, թե ինչ աղետ կարող է բերել այս հրեշավոր օրենքը:
Մի անգամ արդեն՝ անցած դարի 20-30 ականներին մենք անցել ենք այս ամենի միջով: «Ապօրինի հարստացածներից» խլել են հողն ու ունեցվածքը, նրանցից շատերին գնդակահարել, աքսորել բանտարկել: Ի՞նչ ստացավ դրանից երկիրը՝ ավեր, աղետ, սով:
Մի՞թե այդ ամենը մեզ քիչեր հասկանալու համար, որ չի կարելի նման քայլի դիմել: Վստահաբվար կարող ենք պնդել, որ այս անգամ այս օրենքը չի ծառայելու նրա հեղինակների նպատակների իրականացմանը: Ավելին, այն ավելի է արագացնելու արկածախնդիր իշխանությունների հեռացումը:
Իհարկե, շուտով այս օրենքին ինչպես հարկն է կարձագանքեն միջազգային կառույցները, տարբեր երկրներ, կտան գնահատականներ, բայց վճռական խոսքը պետք է ասեն մեր քաղաքացիները: Ուզո՞ւմ ենք կրկին տեսնել աղքատների բազմություն, սով, համատարած թալան, ամենաթողություն, թե՝ ոչ: Բնականաբար՝ ոչ:
Իսկ ոքե՞ր են որոշելու, թե ո՞վ է ապօրինի հարստացել, իսկ ով՝ ոչ: Մի՞թե իր հարստությունը թաքցնող արդարադատության 28-ամյա նախարարը, թե անդադար պարգեւավճարներ ստացող մյուս նախարարներն ու պատգամավորները: Գուցե Ազգային ժողովում ընդդիմադիրներին ծեծողնե՞րը:
Լավ, իսկ ի՞նչ եք անելու խլված գույքը: Ո՞ւմ եք այն հանձնելու, որ ծակն եք կոխելու: Մի՞թե «Գոլդեն փելեսի» տխուր պատմությունը ձեզ համար դաս չեղավ: Իսկ եթե չեղավ, ապա ուրմեն դուք գիտակցված գնում եք մեր երկրի թուլացմանը, աղքատացմանը, քայքայմանը:
Դժվար չէ կռահել, որ այս օրենքը զենք է կառավարող ուժի ձեռքում ընդդիմադիրներին ճնշելու համար: Բայց նրանք կրկին սխալվում են: Չի ստացվելու: Եւ իհարկե շուտով, պատկերավոր ասած, եվրոպացիները գցգեն ձեր ականջները, որ արտակարգ դրությունն օգտագործեցիք նման օրենքների ընդունման համար:
Բադասյանը երեկ ակամա խոստովանեց այս օրենքի ընդունման հիմնական նպատակներից մեկի մասին: «Եթե ապօրինի գույք ունեցող անձը պարտավորվում է իրեն փաստացի պատկանող ամբողջ գույքը հայտարարագրել եւ դրա նվազագույնը 75 տոկոսը փոխանցել պետությանը, դա չի ազդում քրեական գործի ընթացքի վրա, որովհետեւ սկզբունքն այն է, որ անձը գումար վճարելով չպետք է ազատվի քրեական պատասխանատվությունից»,- Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասաց Բադասյանը եւ ավելացրեց, որ եթե կաշառք տալու, ստանալու, փողերի լվացման հետ կապված որևէ գործողության համար անձին մեղադրանք առաջադրվի, նրան պատկանող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի չափը չհիմնավորվի իր օրինական եկամուտներով 50 միլիոն եւ ավելի դրամով, կհարուցվի վարույթ:
Իսկապես ահավոր եւ մղձավանջային ժամանակներ են, որը շատ շուտով մնալու է անցյալում եւ այս ամենի հեղինակները, մասնակիցներն անպայման պատասխան են տալու: Եւ որեւէ մեկը թող չկարծի, թե հավատալու ենք իրենց այն պնդումներին, թե ամեն ինչ անում էին, որ ընդունված օրենքներն ավելի վատը չլինեն կամ ամեն ինչ արել են, բայց իրենց ստիպել են քվեարկել:
Վարդան Մխիթարյան
Top-News.am