Ներդրումները կամ կան կամ չկան. ներդրումները քննարկման համար չեն
Մեզ համոզում են, թե 89 ներդրումային ծրագիր կա, այն էլ 2,7 մլրդ դոլար հնարավոր ծավալով: Ավելին, պնդում են, թե այդ ծրագրերից 42-ը՝ 774 մլն ԱՄՆ դոլարի ծավալով, ըստ էության, գտնվում են իրականացման տարբեր փուլերում, եւ որ մյուսներն էլ գտնվում են ակտիվ քննարկման փուլում:
Մնում է այստեղ ասել` ներդրումներ կամ լինում են կամ չեն լինում. ներդրումները չեն քննարկվում: Սպասենք եւս մի քանի ամիս եւ հետո կհարցնենք կառավարության պատասխանատուներին՝ որտեղ են այդ ներդրումները եւ քանի աշխատատեղ բացվեց:
Ի դեպ, այն ժամանակ, երբ երկրում իրական ներդրումներ էին արվում, որեւէ մեկը չէր ասում, թե գիտեք քննարկում ենք, այս ենք անում, այն ենք անում: Ընդամենը ստեղծվել էր մի միջավայր, որտեղ արվում էին ներդրումներ:
1998-2007 թվականներին միայն օտարերկրյա ներդրումների գումարային ծավալը կազմել է 3 մլրդ 651 միլիոն դոլար: Երբ կային ներդրումներ, տնտեսության աճի տեմպերն էլ տպավորիչ էին, իսկ հիմա պատկերը այլ է: Հիմա ներդրումները ոչ թե արվում են, այլ քննարկվում:
Պատահական չէ, որ Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է Հայաստանում տնտեսական աճի դանդաղում մինչեւ 4.5 տոկոս: Սա է իրականությունը, իսկ մնացածը զրույցներ են:
Վահրամ Գեւորգյան
Top-News.am