BBC-ի հայտնի հրապարակման ծուղակները
Դժվար չէ կռահել, թե ինչ նպատակներ էին հետապնդում եւ շարունակում են հետապնդել 2008թ. մարտի մեկի իրադարձությունների վերաբերյալ BBC-ի ռուսական ծառայության հրապարակման պատվիրատուները, բայց նրանք հաստատ չէին պատկերացնում, որ հենց այդ նյութը ծուղակներ է պարունակում:
Ծուղակ 1
BBC-ի հրապարակումից գրեթե անմիջապես հետո հայաստանյան առողջ հասարակությունը, անկախ քաղաքական համակրանքներից եւ կողմնորոշումներից, հստակ հարցադրում արեց, որ ԱԱԾ-ն պետք է շատ արագ պարզի պատվիրատուներին, անկախ նրանից նրանք ներսից են, թե դրսից:
Այս իրավիճակում առաջինը ծուղակն ընկավ Վահե Գրիգորյանը, որը լավ հասկանալով, որ վաղ թե ուշ իրավապահ մարմինները պարզելու են հոդվածի պատվիրատուներին, շտապեց հերքել, որ ինքը որեւէ կապ ունի այդ հրապարակման հետ, շեշտեց, որ չի ճանաչում նյութի հեղինակին, իսկ որ ամենակարեւորն է իր իսկ ֆեյսբուքյան գրառման մեջ ընդունեց, որ ինքը ոչ թե ՍԴ նախագահն է, ինչպես պնդում էր Ազգային ժողովի ամբիոնից, այլ ՍԴ դատավոր:
Դժվար է ասել, թե ինչը ավելի շատ սթափեցրեց Վահե Գրիգորյանին՝ BBC-ի հրապարակման երկրորդ հատվածը, թե այն միտքը, որ իրավապահ մարմինները միեւնույնն է պարզելու են նյութի պատվիրատուներին: Այսպես թե այնպես, Վահե Գրիգորյանը հասկացավ, որ այս հրապարակումը հենց այնպես չի անցնելու գտա՝ այն հետեւանքներ է ունենալու:
Ծուղակ 2
Հոդվածի ամենասկզբում շոշափվում էր գեներալ Սամվել Կարապետյանի անունը: Նա շատ արագ եւ շատ փաստարկված հերքեց իր մասնակցությունը ողբերգական դեպքերին: Ավելին, այլոք եւս պնդեցին, որ Արցախից ժամանած զինվորականները որեւէ կապ չունեն կրակոցների, առավել եւս սպանությունների հետ:
Եւ այս իրավիճակում գրեթե որեւէ մեկը չի հերքում վերոհիշյալ հրապարակման երկրորդ հատվածը, որտեղ հստակ շեշտվում է, որ կարծիք կա, թե խժդժությունների կազմակերպման գործում ակտիվ դերակատարում են ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Նիկոլ Փաշինյանը:
Տպավորություն է, թե հայաստանյան հանրությունը ընդունում է, որ վերոհիշյալ երկու հոգին արյունահեղության մեջ ունեն իրենց մեծ փայաբաժինը: հասարակությունն ընդունում է, որ նրանք առնվազն կարող էին, բայց չկանխեցին ողբերգությունը:
Փորձված աղվեսը երկու ոտքով է ծուղակն ընկնում, ասում է հայտնի արեւելյան ասացվածքը, ինչի ականատեսը դարձավ հայաստանյան հանրությունը BBC-ի հրապարակումից հետո:
Վարդան Մխիթարյան
Top-News.am