Զինվորի հաշվին հերոս մի խաղացեք
Այս օրերին, երբ զինվորները, բառիս բուն իմաստով, վտանգելով իրենց կյանքը, ամեն ինչ անում են թշնամուն խաղաղություն պարտադրելու համար, երբ դիվանագետները ծանր աշխատանք են տանում հրադադար հաստատելու համար, երբ Ադրբեջանի նախագահը օրեր շարունակ փորձում է այնպիսի տպավորություն ստեղծել, թե իրենք խաղաղության կողմնակից են, իսկ ահա հայերը շարունակում են կրակել, մեզ մոտ, իհարկե, հիմնականում սոցիալական ցանցերում հայտնվում են բազմոցային հերոսներ, որոնք, մեղմ ասած, հարցեր առաջացնող գրառումներ են անում:
Մասնավորապես, ոմն Արմեն Այվազյան սոցիալական ցանցում գրում է՝ եթե այս բնագծերով պատերազմի ավարտը կլինի Հայաստանի պարտություն: Նման գրառումները, անխոս, թուլացնում են Հայաստանի բանակցային գծերը, իսկ գուցե հենց նպատակն էլ դա է: Եւ անվտանգության ծառայությունը, իրավապահները պետք է հասկանան, որ բազմոցին պառկած «հայրենասերները» ինչ նպատակով են այս օրերին նման գրառումներ անում եւ ում կյանքի գնով են ցանկանում երկարաձգել արյունալի պատերազմը:
Եւ ընդհանրապես, պետք է այնքան լրջանանք, սթափվենք, որ այս տեսակը այլեւս ուրիշի կյանքի գնի, առողջության եւ արյան հաշվին չփորձի հայրենասեր-հայրենասեր խաղալ:
Գեղամ Նազարյան
Top-News.am