Հայաստան. Վիրավորանքի և զրպարտության փոխհատուցման մասին օրենսդրական առաջարկը սպառնում է մամուլի ազատությանը
Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիան (IFJ) և Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) արձագանքել են Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությանը, որով դատապարտվում և կոչ է արվում ԱԺ օրակարգ չմտցնել և մերժել Ալեն Սիմոնյանի կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի՝ առաջարկվում է սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը վիրավորանքի դեպքում 1 միլիոն դրամից դարձնել 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում` 2 միլիոնից 10 միլիոն դրամ:
Սեպտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն օրենսդրական առաջարկ է ներկայացրել վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ, որի նպատակն է մեծացնել տուգանքները լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում վիրավորանքների և զրպարտող մեկնաբանությունների հրապարակման համար: Լրագրողների միջազգային և եվրոպական ֆեդերացիաները (IFJ և EFJ) միանում են իրենց դուստր կազմակերպությանը՝ Հայաստանի լրագրողների միությանը՝ խորհրդարանին կոչ անելով չընդունել այդ առաջարկը:
Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծ է առաջարկել: Առաջարկը նպատակ ունի հինգ անգամ բարձրացնել վիրավորանքի կամ զրպարտության համար փոխհատուցման չափը ՝ վիրավորանքի համար 1 միլիոն դրամից այն դարձնելով 5 միլիոն դրամ (շուրջ 9 000 եվրո), իսկ զրպարտության համար՝ 2 միլիոն դրամից 10 միլիոն դրամ (շուրջ 18 000 եվրո):
Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի կայքէջը մեջբերում է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի «Մեդիա պաշտպան» նախաձեռնությանը, որը նշում է, որ «զրպարտություն» և «վիրավորանք» հասկացությունները հստակ սահմանված չեն Հայաստանի իրավական օրենսգրքում: Այս ոչ հստակ սահմանումը հնարավորություն է տալիս օգտագործելու վիրավորանքի կամ զրպարտության մեղադրանքը քաղաքական նպատակներով ՝ լռեցնելու համար քննադատող լրագրողներին կամ այլ անձանց:
«Այս նախաձեռնությունը գործող իշխանությունների ձեռքին ևս մի գործիք է`ուղղված ազատ խոսքի, մասնավորապես` մամուլի ազատության սահմանափակմանը: Հաշվի առնելով այն հիմնական դերը, որ ԶԼՄ-ները խաղում են ժողովրդավարական հասարակությանը հուզող հարցերի վերաբերյալ տեղեկատվության տարածման գործում, մենք դատապարտում ենք ցանկացած նման նախաձեռնություն, ներառյալ Ալեն Սիմոնյանի կողմից այսօր ներկայացված օրինագիծը՝ Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածում փոփոխություն կատարելու մասին և հորդորում ենք օրինագիծը չընդգրկել Ազգային ժողովի օրակարգում», ,-ասված է Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարության մեջ: