Ադրբեջանի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են ԼՂ հակամարտությունը
Ստամբուլում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Այդ մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը:
Ալիևը ևս մեկ անգամ հայտնել է Ադրբեջանի դիրքորոշումը հակամարտության կարգավորման առնչությամբ, ինչպես նաև պատմել վերջին օրերին շփման գծում տեղի ունեցած դեպքերի իր տարբերակը:
Ինչպես հաղորդվում է՝ հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ երկկողմ հարաբերությունները բարեհաջող կերպով զարգանում են տարբեր՝ այդ թվում քաղաքական և էներգետիկ ոլորտներում:
Հանդիպման ընթացքում քննարկումներ են տեղի ունեցել «Հարավային գազային միջանցք» նախագծի վերաբերյալ: ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել այդ նախագծին: