Սարսափ ավտոբուսներ Երեւանում
Երեւան: Շաբաթ՝ հուլիսի 8, ժամը 11.20: «Տաշիր» հանրախանութի կանգառում հայտնվում են 58 համարի միանգամից երկու ավտոբուս: Ընդ որում, սկզբում որեւէ մեկը կանգնելու ցանկություն չուներ, հետո կանգնեցին երկուսն էլ, բայց դռները բացեց փոքր ինչ ետ մնացածը: Նստեցինք:
Իսկ հետո թե ինչ եղավ, կարող եք տեսնել միայն ամերիկյան սարսափ ֆիլմերում: Վարորդները մոռացան իրենց եւ ուղեւորների անվտանգության մասին եւ սկսեցին խելահեղ մրցավազքը, ընդ որում, նրանցից մեկը (գուցե երկուսն էլ) միաժամանակ հեռախոսով էր խոսում, նկարագրելով իրավիճակը:
Արագություն, կտրուկ արգելակում: Մեկ մի տարեց տղամարդ տեղից ընկավ, հետո մի երիտասարդ կին, հետո մի պատանի: Բոլորը սարսափած իրար են նայում: Սթափության կոչերը վարորդը չէր լսում:
Աթոյան փողոցում արդեն ետ մնացածը դուրս եկավ հանդիպակած երթեւեկելի գոտի եւ փորձեց շրջանցել մրցակցին: Ուղեւորներից մեկը խնդրեց կանգառում կանգնել, բայց արագությունն այնքան մեծ էր, որ վարորդը չհասցրեց: Կանգնեց միայն հաջորդ կանգառում, իսկ արգելակելու պահին երեք հոգի ընկան տեղերից:
Ուղեւորներն արագ իջան, բայց դուռն այնքան արագ փակեց, որ նրանցից մեկը քիչ էր մնում մնար դռների արանքում:
Սա Երեւանում է: 21-րդ դարում: Իսկ ամենավերջում նստած երկու երիտասարդ օտարերկրյա զբոսաշրջիկները սարսափից միմյանց էին կպել:
Ահա թե ինչի է հանգեցնում հայաստանյան ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, վարորդների վրա դրված անհասկանալի «պլանը» եւ արտոնյալ գծատերերի առկայությունը:
Աննա Բաղդասարյան
Top-News.am