Ամեն ինչ՝ զինվորների անվտանգության համար
Այն, որ ադրբեջնական իշխանությունները՝ Իլհամ Ալիեւի գլխավորությամբ, նենգ են եւ սադրիչ, հայտնի է վաղուց եւ նորություն չէ: Բացահայտում արած չենք լինի, եթե նաեւ ասենք, որ շարքային ադրբեջանցու կյանքը Ալիեւի կլանի համար որեւէ արժեք չունի:
Միայն Իլհամ Ալիեւի նման ղեկավար ունեցող երկրի բանակը պաշտպանական դիրքերը կտեղակայի բնակավայրում, երբ դրա անհրաժեշտությունը չկա: Միայն նման նենգ եւ ստոր իշխանություն ունեցողներն այդ նույն կրակակետից կգնդակոծեն հակառակորդի դիրքերը:
Բնականաբար, հայկական կողմը պետք է պատասխանի պարբերաբար շարունակվող կրակոցներին: Ցավալի է, բայց երբ հակառակորդի կրակակետերը գյուղում են կամ գյուղի մատույցներում, կարող են տուժածներ լինել նաեւ քաղաքացիական բնակչության շրջանում:
Ողբերգություն է, երբ երկու տարեկան երեխա է զոհվում: Ոչ մի բանական մարդ չի կարող ուրախանալ երեխայի մահով կամ հրճվել: Պարզվում է, սակայն, որ Ալիեւը կարող է հրճվել երեխայի ողբերգական մահով: Նա փորձեց շահարկել եւ իր շահերի համար ծառայեցնել երեխայի եւ նրա տատի մահը:
Սկսվեց հակահայկական հիստերիա, բայց Մինսկի խումբը, ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Ռուսաստանը, ինչպես ասում են, Ալիեւին ցույց տվեցին իր տեղը: Նա մնաց իր իսկ սանձազերծած հիստերիայի փլատակների տակ:
Ակնհայտ էր, որ նա իրավիճակից դուրս գալու համար հերթական կեղտոտ սադրանքին է գնալու եւ հրամայելու է գնդակոծել հայկական կողմի դիրքերը: Թվում էր, որ մենք, մեր զինվորական հրամանատարությունը համապատասխան հետեւություններ կանեն՝ ապահովելով, առավելագույնի հասցնելով մեր զինվորների անվտանգությունը:
Ցավոք, ունեցանք երեք վիրավոր, որոնցից երկուսի վիճակը ծանր է: Մենք առաջին գծում ունենք բավական նորմալ ինժեներա-տեխնիկական համակարգ եւ տրամաբանական հարց է առաջանում, թե ինչու, երբ բոլորի համար պարզ էր, որ ադրբեջանական հերթական սադրանքը չի ուշանալու, մեր տղերքի, մեր զինվորների անվտանգությունը անհրաժեշտ ձեւով չապահովվեց:
Իսրայելի բանակի մասին ռեպորտաժներից, ֆիլմերից պարզ է դառնում, որ Իսրայելի թիվ մեկ խնդիրը կամ խնդիրներից մեկը ոչ միայն անվտանգության ապահովումն է, այլ իսրայելցի զինվորի անվտանգության ապահովումը: Ամեն ինչ շատ պարզ է, եթե ապահովվի զինվորի անվտանգությունը, ապա ավելի հեշտությամբ կապահովվի երկրի անվտանգությունը:
Top-News.am