Ոստիկանության ավտոմեքենան անցել է ակցիայի մասնակցի ոտքի վրայով. Ամուլսարում իրավիճակը շարունակում է լարված մնալ
Ոստիկանության մեքենան անցել է Ամուլսարում ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկի ոտքի վրայով։ Այս մասին Վայոց Ձորի մարզի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանին հայտնեց ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը։
«Խնդրում դրա վերաբերալ համապատասխան հաղորդում ներկայացնել։ Անզգուշաբար է դա կատարվել»,- ասաց Ազիզյանը եւ կիսատ թողելով զրույցը հեռացավ։
Քաղաքացիներից մեկը դիմեց մարզի ոստիկանապետին. «Ժողովուրդն իրավունք ունի իր ձայնը բարձրաձայնելու։ Խնդրում ենք՝ մարզպետին հրավիրեք, Կառավարությունից մարդ հրավիրեք, որ սա հարթվի։ Մտածում եք, որ ծեծելով բերման ենթարկեցիք՝ այդ հարցը կլուծվի՞»։
Ազիզյանն ասաց, որ եթե քաղաքացին չի ենթարկվում, ապա հարկադրանքի միջոց է կիրառվում նրա նկատմամբ։
«Քաղաքացին ենթարկվելու համար, եթե դուք նշում եք օրինական պահանջ, ես գուցե լսեմ ձեզ, ձեր պահանջի մեջ չկա օրինականություն, ուստի մենք ձեզ չենք ենթարկվում եւ պատրաստ չենք ենթարկվելու այն մարդկանց, որոնք մեզ են ծառայում։ Այստեղ բռնություն մի սարքեք եւ մի խոչընդոտեք մեր պահանջին»,- արձագանքեց ակցիայի մասնակիցը։
Նշենք, որ Ամուլսարի երկրորդ հենակետի մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ։
Քիչ առաջ ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին։
Բերման ենթարկվելու պահին, երբ իրավիճակը լարվեց քաղաքացիներն իրենց ձեռքերը վեր բարձրացրին՝ որպես խաղաղության նշան։
Նշենք, որ ակցիայի մասնակիցները կանգնել էին ոստիկանական ավտոմեքնենարի առջեւ եւ թույլ չէին տալիս բերման ենթարկված ցուցարարներին տանել ոստիկանական բաժիններ։
Նշենք, որ ցուցարարները փակել են Ջերմուկ քաղաք տանող ճանապարհը։ Մարզի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը նրանց 15 րոպե ժամանակ էր տվել՝ ավտոճանապարհը բացելու համար։
Հիշեցնենք, որ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել ու փոխարենը դրել է իրենցը:
Նշենք, որ երեկ առավոտից Ամուլսարում իրավիճակը լարված է եղել, ակցիայի ընթացքում բերման ենթարկվածներ են եղել, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի են ունեցել բախումներ։ Ակցիայի մասնակիցները փորձում էին տեղաշարժել «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական խմբի կողմից Ամուլսարի իրենց վարձակալած տարածքում տեղադրված վագոն-տնակները։ Ակցիայի ընթացքում 14 քաղաքացի էր բերման ենթարկվել, որոնցից 4-ը խուլիգանության կասկածանքով. նրանք պահնորդական խմբից էին: