ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովն աջակցություն է հայտնել Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորմանը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովը առաջին քայլն է արել Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորումն ապահովելու հարցում:
Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը, հանձնաժողովն ընդունել է օրենսդրական հաշվետվությունը՝ անուղղակիորեն կոչ անելով շարունակել Արցախում անցկացվող մարդասիրական ծրագրի ֆինանսավորումը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից՝ 2021թ. ֆինանսական տարվա Արտասահմանյան օգնության օրինագծի շրջանակում:
«Ողջունում ենք այս հաշվետվությունը որպես ճիշտ ուղղությամբ արված քայլ: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այս վարչակազմի բազմակողմանի հարձակումը Արցախի ականազերծման ծրագրի նկատմամբ՝ պարզ է, որ Կոնգրեսը պետք է ավելին անի՝ ապահովելու համար ԱՄՆ-ի աջակցությունն այս ծրագրին»,- ասել է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Հատկացումների հանձնաժողովը 2021թ. ֆինսական տարվա Արտասահմանյան օգնության օրինագիծն ու դրան կից հաշվետվությունն ընդունել է 29 կողմ, 21 դեմ ձայնով: Նախատեսվում է, որ այն շուտով կներկայացվի Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը:
Սենատի Հատկացումների հանձնաժողովն Արտասահմանյան օգնության օրինագծի իր տարբերակը կդիտարկի առաջիկա շաբաթների ընթացքում: Ներկայիս միջոցառումը չի հստակեցնում Հայաստանին կամ Ադրբեջանին անմիջականորեն հատկացվող օգնության ծավալը՝ հնարավորություն տալով Պետքարտուղարությանը որոշելու ֆինսավորման չափն ու իրականացվելիք ծրագրերը: