Սահմանադրական փոփոխությունները, անկախ նրանից, ուժի մեջ են մտել, թե ոչ, հանգեցրել են Սահմանադրության խախտման.Վարոսյան
Իշխանությունները շատ լավ հասկանում են, որ իրենց նախաձեռնած ամբողջ գործընթացը խնդրահարույց է և այսօր էլ այդ դատավորների լիազորությունների դադարեցված համարելը ևս խնդրահարույց է, որովհետև այս ամենն իրականացվեց ոչ միայն Սահմանադրության ուղիղ խախտմամբ, այլև՝ իրավաբանական տեխնիկայի առումով փնթի։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։
«Եթե նպատակ կա խախտել Սահմանադրությունը և խախտմամբ ազատվել այն դատավորներից, որոնցից ուզում էին ազատվել, ապա այդ ամեն ինչն էլ ուներ համապատասխան փաթեթի ձև։ Այսինքն՝ այն փաթեթում, որն ԱԺ-ն ընդունեց և կեսգիշերին երևի քնից վեր թռավ և ստորագրեց նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը, ներառված չէին բոլոր այն օրենքներն ու սահմանադրական օրենքների փոփոխության նախագծերը, որոնք հարկ էին ավելի սահուն այս ամենն իրականացնելու համար»,- ասաց նա՝ նշելով, որ դա է ֆեյսբուքում հստակ հրովարտակի հրապարակման պատճառը և հստակ դիմում կա պետական մարմիններին, որ անկախ նրանից, թե ինչպես կմեկնաբանեք, կհասկանաք օրենքները, կարգը, իմացեք, որ այսպես է։
Ինչ վերաբերում է տեխնիկական խնդիրներին, Վարոսյանն ասաց, որ դա չորրորդական հարց է այն դեպքում, երբ իրականացվում են Սահմանադրության ուղիղ խախտմամբ։
«Եթե խնդիր չլիներ այս փոփոխությունների մեջ, նման բանի կարիք չկա։ Քանի օրենք է ընդունվում, փոփոխվում ՀՀ-ում, որևէ մեկի մտքով չի անցնում, որ դա պետք է երկրի ղեկավարը մեկնաբանի, հրամցնի իր ենթականերին »,- ասաց Վարոսյանը։
Հարցին, թե արդյո՞ք սահմանադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ, թե ոչ. Վարոսյանը պատասխանեց, որ չի ցանկանում վեճի մեջ մտնել և դժվարանում է ասել։
Դիտարկմանը, որ շան գլուխն այդտեղ է թաղված, Վարոսյանն արձագանքեց. «Շան գլուխը թաղված է այնտեղ, որ Սահմանադրական փոփոխությունները, անկախ նրանից, ուժի մեջ են մտել, թե ոչ, հանգեցրել են Սահմանադրության խախտման։ Սահմանադրական փոփոխությունների նախագիծն ԱԺ-ն պարտավոր էր ուղարկել ՍԴ՝ համապատասխան եզրակացության։ Եթե այդ ընթացակարգը Սահմանադրությամբ նախատեսված սահմանադրական օրենքներով նախատեսված, չի իրականացվում, մենք փաստացի, իրավական առումով Սահմանադրության փոփոխություններ չունենք։ Դրանք կարող են ուժային ձևով մտնել ուժի մեջ, դա սպասելի էր։ Կարելի էր ԱԺ չունենալ։ ԱԺ-ն շատ հանգիստ վաղը կարող է հավաքվել և որոշել, որ չկա ԱԺ »։
Դիտարկմանը, թե ճիշտ զուգահեռ է անցկացվում, փաստաբանը պատասխանեց, որ, եթե խախտվում է Սահմանադրությունը, ինչ զուգահեռ ասես կարող ենք տանել։ Վարոսյանը գտնում է, որ սրա հետևանքները դեռ երկար մնալու են։
Մանրամասները՝ տեսանյութում