Արտերկրային քաղաքակրթությունները կարող են էներգիա կորզել սեւ խոռոչներից
Մեծ Բրիտանիայի Գլազգոյի համալսարանի ֆիզիկայի եւ աստղագիտության դպրոցի հետազոտողները ապացուցել են կեսդարյա այն վարկածը, որից հետեւում է, որ տեխնոլոգիական զարգացած արտերկրային քաղաքակրթությունները տեսականորեն կարող են էներգիա կորզել պտտվող սեւ խոռոչներից, հայտնում է Lenta.ru-ն:
Հետազոտողների հոդվածը տպագրվել է Nature Physics ամսագրում:
1969-ին անգլիացի ֆիզիկոս Ռոջեր Պենրոուզը ենթադրել է, որ այլմոլորակայինները կարող են էներգիա կորզել պտտվող սեւ խոռոչից այն բանի շնորհիվ, որ էրգոսֆերայով թռչող մասնիկները կամ ալիքները տանում են իրենց հետ սեւ խոռոչի պտտման էներգիան (այդ երեւույթը կոչվել է Պենրոուզի գործընթաց)։ Խորհրդային ֆիզիկոս Յակով Զելդովիչը զարգացրել է այս գաղափարը եւ առաջ քաշել այն վարկածը, որ արագորեն պտտվող գլանը ի վիճակի է ուժեղացնել իր վրա ընկնող «փաթաթված» էլեկտրամագնիսական ալիքները։ Սակայն, այս արդյունքը դեռեւս չի ստուգվել փորձերի միջոցով, քանի որ գլանը պետք է պտտվեր առնվազն վայրկյանում միլիարդ անգամ հաճախականությամբ։
Նոր աշխատանքում գիտնականներին առաջին անգամ հաջողվել է դիտարկել Զելդովիչի էֆեկտը, որին նա հասել է 60 հերց հաճախականությամբ ձայնային ալիքների օգնությամբ: Փորձի ընթացքում հետազոտողները օղակի տեսքով տեղադրել են 16 բարձրախոսներ եւ ձայնը ուղղել են դեպի աղմուկը կլանող փրփուրից պատրաստված պտտվող սկավառակը: Այս դեպքում մեկ բարձրախոսից ձայնային ալիքները հետ են մնացել մեկ այլ բարձրախոսի ալիքներից, ինչը հնարավորություն է տվել ստեղծել ուղեծրային անկյունային պահ: Զելդովիչի էֆեկտը բավարարող պայմաններին հասել են սկավառակի ընդամենը վայրկյանում 15-30 պտույտի միջոցով։
Փորձի արդյունքները հաստատել են, որ ցածր հաճախականության ռեժիմները կարող են ուժեղացվել մինչեւ 30 տոկոսով՝ անցնելով սկավառակի աղմուկը կլանող շերտով: Քանի որ սկավառակի արագությունը մեծանում է, ձայնային ալիքների հաճախականությունն ընկնում է Դոպլերի արդյունքի պատճառով, սակայն, երբ որոշակի արագության է հասնում, այն նորից վերադառնում է իր նախորդ նշանակությանը, ընդ որում՝ ձայնի բարձրությունը մեծանում է: Դա պայմանավորված է նրանով, որ ալիքները խլում են սկավառակից պտտվող էներգիայի մի մասը:
Պենրոուզի գործընթացը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարմինը ունի երկու մաս, որոնցից մեկն ընկնում է իրադարձությունների հորիզոնից այն կողմ: Եթե երկու բեկորներն ունեն որոշակի արագություն, միմյանց հանդեպ հատուկ դիրք եւ թռչում են ճիշտ ուղեգծով, ապա մի հատվածի անկումը էներգիան փոխանցում է մյուս մասին՝ ավելի մեծ, քան այն էներգիան, որն ի սկզբանե ուներ մարմինը: Կողքից նայողի համար կարծես մարմինը բաժանվել է դրական էներգիայով մասի եւ բացասական էներգիայով մասի, որը հորիզոնից այն կողմ ընկնելիս նվազեցնում է սեւ խոռոչի անկյունային թափը: Արդյունքում, առաջին հատվածը հանվում է էրգոսֆերայից՝ «վերցնելով» սեւ խոռոչի պտտման էներգիան: